Հայկական գինիներն ավելի քան 30 մեդալ են նվաճել Երևանում կայացած համաշխարհային մրցույթում
Հայկական գինիները մայիսի 19-23-ը Երևանում անցկացված «Concours Mondial de Bruxelles» համաշխարհային մրցույթում արժանացել են ավելի քան 30 մեդալի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գինիները գնահատել են 6 տասնյակ երկրներից ժամանած շուրջ 400 միջազգային փորձագետ-համտեսողներ։
«Կույր համտեսի միջոցով աշխարհի ավելի քան 7,700 գինիների միջև անցկացված մրցակցությունում հայկական գինիները գրանցել են նշանակալի հաջողություն՝ արժանանալով 2 Grand Gold, 13 ոսկե և 20 արծաթե մեդալի»,–ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ հայկական կողմից մրցույթի համակազմակերպիչը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն է: Մրցույթին մասնակցել են ոչ միայն համտեսողներ, այլև լրագրողներ և գինու գնորդներ: Բացի համտեսից, նրանց համար նաև շրջայցեր են կազմակերպվել Հայաստանի մի շարք գործարաններում:



