Ամենակարևոր հարցն այն է, թե ԲՀԿ-ն հաղթահարե՞լ է անցողիկ շեմը, թե՞ ոչ. Վարդանյանը՝ հետագա անելիքների մասին
Այս պահին վերահաշվարկ է տեղի ունենում և ամենակարևոր հարցն այն է՝ արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ։ Այս մասին, պատասխանելով քաղաքացիների հարցերին, որոնք վերաբերում են հետագա զարգացումներին, ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Բազմաթիվ հարցեր կան, կարևորագույն հարցեր, սկսած մանդատներից մինչև ինչպես ենք պայքարը շարունակում, որ պիտի լինի ընդդիմության միասնական դիրքորոշում, որպեսզի լինի հնարավորինս արդյունավետ, բայց դրա համար նախ պետք է պարզել, թե ընդդիմությունը քանի ուժից է բաղկացած, այսինքն, քանի ուժ է հաղթահարել անցողիկ շեմը խորհրդարանի և քանի ուժով պետք է այդ որոշումները կայացվի։ Դրա համար առաջին ամենակարևոր հարցը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարե՞լ է անցողիկ շեմը, թե՞ ոչ: Դա, կարծում եմ, առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կլինի, մինչև ամսի 14-ը վերջնական պարզություն կունենանք այս հարցում։
Երկրորդ փուլը, դա ընտրությունների արդյունքների վիճարկումն է Սահմանադրական դատարանում և ընտրությունների լեգիտիմության հարցը։ Այստեղ էլ շատ ուղիղ ուզում եմ ասել, որ սա մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի հետ կապ չունի։
Մենք վիճարկում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայները, վիճարկում ենք, որ իրենք ավելի քիչ ձայն են ստացել, վիճարկում ենք, որ իրենք այնպիսի միջոցների են դիմել ձայները ստանալու, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.


