երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում կայացած նախնական զինվորական պատրաստության օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արցախի թիմը

Հայաստանում կայացած նախնական զինվորական պատրաստության օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արցախի թիմը

Հայաստանի Հանրապետությունում կայացած նախնական զինվորական պատրաստության օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արցախի թիմը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է թիմի մարզիչ Նվեր Լազարյանը՝ նշելով, որ օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է մայիսի 15-16-ը: Օլիմպիադան անց է կացվել յոթ մարզաձևից՝ ինքնաձիգի քանդում և հավաքում, հրաձգություն՝ օդամղիչ հրացանով, նռնակի նետում, վազք՝ 1000մ, շարային պատրաստություն, թեստային առաջադրանքներ՝ բաղկացած 20 հարցից: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 7 աշակերտ՝ 5 տղա և 2 աղջիկ: Թիմի հետ աշխատել է 2 մարզիչ:

«Օլիմպիադայի եզրափակիչ փուլին նախապատրաստվել ենք շուրջ 20 օր: Թիմի մասնակիցներից երկուսը Ստեփանակերտի 9-րդ դպրոցի աշակերտներ են: Մեկական աշակերտ մայրաքաղաքի համար մեկ, ֆիզմաթ, և Մարտակերտի շրջանի Չլդրանի դպրոցներից են, երկուական էլ՝ Ասկերանի շրջանի Խնածախ և Իվանյան համայնքներից:

Օլիմպիադան անցել է առանց խոչընդոտների: Անցած տարի կորոնավիրուսի պատճառով այն չէր կայացել: Նշեմ, որ այս տարվա մրցության արդյունքները գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները: Ապրելով Արցախում, կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է ռազմական գիտելիքներ ունենա՝ տիրապետի զենք֊ զինամթերքի օգտագործմանը: Այս ծանր իրավիճակում թիմի անդամները ջանք ու եռանդ չեն խնայել, որ եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեն»,- մասնավորապես ասել է մարզիչը:

Նրա խոսքով՝ մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով:

  • Կիսվել: