Հայ ռազմագերիների վերադարձի հարցը հայտնվել է ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Ստրասբուրգում հունվարի 25-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում չի ներառվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ամրագրված դրույթը, այն է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ «Մարդու իրավունքներ» ասվածը վերացական և գեղեցիկ բառակապակցություն չէ։
Այն սնվում է իրական մարդասիրությունից, որը համահունչ է հայկական քաղաքակրթությանը անգամ միջնադարում։ Մարդու և համամարդկայինի միահյուսումը արտահայտվել և արտահայտվում է ոչ միայն հայկական մշակույթի տարբեր դրսևորումներում, այլև հայ քաղաքական-իրավական մտքի ձևակերպումներում։ Այսօր, երբ աշխարհին մատուցվում է մարդու իրավունքների գերակայությունը որպես մոդել, որքան էլ ցավալի է՝ տնտեսական և քաղաքական շահերից ելնելով, հայ մարդու կյանքի և ազատության իրավունքը հայտնվել է համաշխարհային քաղաքական օրակարգերի լուսանցքում։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ հարցը չի ընդգրկվել օրակարգ այն հիմնավորմաբ, որ նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում։ Զեկույցի հեղինակը լինելու է իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանը: