հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Համաճարակաբանական վիճակն Արցախում. մասնագետի անդրադարձը

Համաճարակաբանական վիճակն Արցախում. մասնագետի անդրադարձը

Վերջին շրջանում Արցախում կորոնավիրուսային հիվանդության պատճառով գրանցվել են մահվան դեպքեր:

Կանխարգելիչ միջոցառումների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տեղամասային թերապևտ Կարինե Բաղիյանի հետ:

«Այսօրվա տվյալներով՝ թեստավորված 167 հիվանդներից 37-ի մոտ թեստի դրական պատասխան է արձանագրվել, որոնցից 31-ը Ստեփանակերտ քաղաքից են, 2 հոգի Մարտունուց, և, համապատասխանաբար՝ Ասկերանից և Մարտակերտից: Վարակի տարածումը կանխել կարծես թե չի ստացվում, քանի որ այդ շղթան ինչ-որ մի տեղ բաց ենք թողել: Այդ ամենը գալիս է հիգիենիկ բացթողումներից: Վերջին շրջանում շատացել է մեծ խմբերով կազմակերպվող միջոցառումների քանակը, և այդ միջոցառումների ժամանակ ոչ մեկը չի պահպանում հիգիենայի կանոնները»,- ընդգծել է Կ. Բաղիյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ստացիոնար բաժանմունքում 145 հիվանդ է բուժում ստանում, որից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է, կան նաև միջին ծանրության հիվանդներ, իսկ թեթև հիվանդները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

«Վարակի այս անիվը թիրախավորել է ավելի շատ երիտասարդ տարիքի անձանց, նրանց մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում: Մեզ համար ինչքան էլ զարմանալի է, տարեցները ավելի թեթև են տանում, քան երիտասարդները»,- ասել է նա:

Բժիշկ-թերապևտը հորդորել է բնակչությանը մաքուր լինել իրենց իսկ խղճի առջև՝ պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները:

  • Կիսվել: