Համանախագահների հետ միասին աշխատելու ենք զինադադար ամրագրելու ուղղությամբ. Մնացականյան
Այսօր ԱԺ նիստից հետո ճեպազրույցում ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ հարցին, թե հայ-ռուսական խորհրդակցությունների առնչությամբ՝ ի՞նչ փուլում է աջակցությունը։
Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են այդ առումով։ Այս պահի դրությամբ ավելին չեմ կարող ասել, բայց այն, ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին, դրանից բխող գործառույթներին, ինչը որ անհրաժեշտ է, այժմ արվում է՛՛։
Հարցին, թե միայն այդ պայմանագի՞րն է, թե այլ թվականների պայմանագրեր էլ են այս պահին քննարկվում․ միա՞յն 1997թ․ պայմանագիրն է, Մնացականյանը պատասխանեց. ՛՛1997 թ․ պայմանագիրը բազային պայմանագիրն է, որից բխում են նաև այլ գործառույթներ, որոնք արտահայտված են այլ փաստաթղթերի մեջ, որոնց Դուք անդրադարձաք՛՛։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից հրադադարի երեք անգամ խախտմանը. ՛՛Ես Ձեզ հիշեցնեմ ավելին։ Երեք անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել սրա մեջ՝ զինադադարի հասնելու նպատակով։ Երեք անգամ երեք համանախագահ երկրները լրջագույն ներուժ են ներդրել դրա մեջ։ Երեք անգամ Հայաստանը լրջագույնս ներգրավվել և ապահովել է դրա համաձայնեցումը: Երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, որովհետև երեք անգամ հավանաբար Ադրբեջանը ուղղորդվել է այլ դերակատարի՝ Թուրքիայի կողմից: Երեք անգամ մենք ունեցել ենք իրավիճակ, երբ Ադրբեջանն անկարող է եղել լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնությունն իրականացնելու համար:
Դրանից չի բխում, որ դադարելու ենք աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ, և ոչ միայնակ, այլ նաև համանախագահների հետ միասին։
Հիմքում դրված են այն չորս կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Դրանք վերահաստատվել են նաև, ինչպես գիտեք, մյուս հանդիպումների ժամանակ. այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել՛՛։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է բացատրում խախտումները Ջեյհուն Բայրամովը՝ ԱԳ նախարարն ասաց. ՛՛Կարևոր հարցերից մեկն այստեղ վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է։ Վերիֆիկացիոն համակարգի ներդրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը։ Այդ առումով, նույնպես, այսօր աշխատանքները կատարվում են, և մեզ անհրաժեշտ է դրան հասնել։ Այդ առումով համանախագահների ներգրավվածությունը, վճռականությունը, աշխատանքը մնում են շատ կարևոր՛՛:
Նա խոսեց նաև այն մասին, որ Լավրովը առաջակում է թեժ գծի ներդրում, ինչպես նաև, դիտորդների առկայություն, որպեսզի իսկապես պահպանվի հրադադարի ռեժիմը։ Գնահատելով դրա հնարավորությունը՝ Մնացականյանը նշեց. ՛՛ Նորից կրկնեմ, խոսքը վերաբերում է վերիֆիկացիոն համակարգի ներդրմանը, որն այսօրվա մեր գերակա հարցերից մեկն է։ Չեմ կարող ասել, որ մենք արդեն հասել ենք դրան, բայց սա է հենց կարևորագույն հարցը, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հոկտեմբերի 10-ի մեր ընդհանուր հայտարարության առաջին երկու կետերը՛՛։