Հադրութի «Դիզակ» մանկապարտեզը նոր խաղալիքներ ու գրենական պիտույքներ է ստացել (լուսանկարներ)
Գերմանաբնակ Անի Թունյանը, Խաչատուր Պարտեզպանյանը և «Միասին» նախաձեռնությունը արձագանքել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառմանը, ըստ որի՝ Հադրութի «Դիզակ» մանկապարտեզը ունի խաղալիքների, սպիտակեղենի և այլ պարագաների կարիք, և նոր խաղալիքներ ու գրենական պիտույքներ ուղարկել Արցախ:
Ստեփանակերտում վերաբացված Հադրութի շրջանի «Դիզակ» մանկապարտեզն այսօր ստացավ այդ օգնությունը՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ Արցախի մասնաճյուղի միջոցով:


«Նրանք անընդհատ հետևում են Արցախում կատարվող իրադարձություններին, միջոցառումներին, լրահոսին և, կարդալով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը, իրենք են կապվել մեզ հետ, որպեսզի մենք նվերները փոխանցենք մանկապարտեզին: Մեր բարեկամները շատ այլ նախաձեռնություններ են իրականացրել Արցախում, ինչպիսին, օրինակ, երաժշտական գործիքներ ուղարկելն էր Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի երաժշտական դպրոցների համար: Նրանք սպասում են մեզնից ազդակների, որպեսզի մենք առաջինը նշենք, թե որտեղ ինչ կարիքներ կան, քանի որ նրանք շատ մեծ ցանկություն ունեն օգնելու, սակայն ուզում են, որ այդ օգնությունը թիրախային լինի», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Արցախի մասնաճյուղի ներկայացուցիչ Յանա Ավանեսյանը: