Հացիում պայմաններ են ստեղծվել մեղվապահությամբ ու ջերմատնային տնտեսությամբ զբաղվելու համար
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի համայնքի 12 բնակչի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից մեղվափեթակներ են տրամադրվել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը:
«Հիմնադրամի հանձնախմբի անդամ Փոլին Դոստումյանը և Արցախի գրասենյակի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանն տեղում ծանոթանալով խնդիրներին, լսել են բնակչության կարծիքներն ու ընդունել մեղվապահությամբ զբաղվելու առաջարկը: Աջակցության շահառուներից վեցին, որոնք մեղվապահության գործում արդեն բավականին փորձառություն ունեն, տրամադրվել է երեքական մեղվափեթակ,իսկ մյուսներին,ովքեր ցանկություն են հայտնել զբաղվելու մեղվաբուծությամբ, տրամադրվել է երկուական մեղվափեթակ: Կարմիր Խաչի կողմից էլ 20 հողօգտագործողի նախապես տրամադրվել էր կորնգանի սերմնացու, որը նաև կերային բազա է հանդիսանում մեղուների համար»,-նշել է Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ գյուղի տարածքի թե՛ կլիման, թե՛ բուսականությունը թույլ են տալիս զարգացնելու մեղվաբուծությունը:
Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ ԿԽՄԿ-ի կողմից 14 հատ և «Սահման» կազմակերպության աջակցությամբ Հացիում 16 ջերմոց է հիմնվել՝ ընդհանուր 110 քառակուսի մետր մակերեսով: