շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Google-ում «Արցախ» բառի որոնումն ավելացել է 800 հազարով

Google-ում «Արցախ» բառի որոնումն ավելացել է 800 հազարով

Վերջին տարիներին «Զբոսաշրջային արդյունքի խթանում և առաջխաղացում» ուղղությունը, որի հիմնական նպատակն է ձևավորված զբոսաշրջային արդյունքի խթանումը, Արցախի զբոսաշրջային բրենդի առաջխաղացումը, դրական նկարագրի ստեղծումը և որպես արդյունք՝ Արցախի ճանաչելիության բարձրացումը, ենթարկվել է լուրջ տրանսֆորմացիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային տիրույթում զանազան առաջարկների, հարթակների և պրոդուկտների ձևավորմամբ:

Այս մասին այսօր Արցախի Խորհրդարանում կայացած ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և ավելացրել, որ խոսքը վերաբերոմ է օգտատերերի կյանքում սոցիալական ցանցերի անփոխարինելի դերին, զբոսաշրջային ամրագրման մեթոդների և ֆորումների տարածմանը, ինչը վերափոխել է միջազգային զբոսաշրջային շուկան՝ մեծապես թուլացնելով զբոսաշրջային միջնորդ ընկերությունների (զբոսաշրջային օպերատոր և գործակալ) դերը։
 
«Միայնակ տուրիզմն այսօր միջազգային թրենդ է, որին նպաստել է հենց էլեկտրոնային ծառայությունների ներթափանցումն ու տարածումը։ Հաշվի առնելով այդ միջազգային թրենդերը՝ Արցախի զբոսաշրջության զարգացման ծրագրում ևս փոփոխություններ են արվել։ Թվային տիրույթում մարքեթինգային աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում, «Յութուբ» հարթակում Արցախի բրենդի առաջխաղացմանը։ Թվային մարքեթինգի կարևորագույն գործիք համարվող վեբ կայքի առաջխաղացման համար ևս ֆինանսական միջոցներ են հատկացվելու հատկապես SEO-ի (որոնողական համակարգերի օպտիմալացում), Google Adwords-ի և այլ միջոցներով»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
 
Նախարարի խոսքով՝ տարվելու են աշխատանքներ, որպեսզի Google որոնական համակարգում «Արցախ» բառը փնտրելիս առաջնահերթ զբոսաշրջային և մշակութային ուղղությունները տեսանելի լինեն այցելուի համար:  
 
««Ղարաբաղ» բառն անգլերենով այսօր մոտ 8 միլիոն 150 հազար որոնում ունի: Սակայն, պետք է փաստել, որ հիմնականում բառն ասոցացվում է պատերազմի և հակամարտության հետ: Իսկ «Արցախ» բառը որոնվել է մոտ 4 միլիոն 910 հազար անգամ: Ի տարբերություն «Ղարաբաղ» անվան, «Արցախ» բառը փնտրելիս առաջին հերթին որոնումները ցույց են տալիս զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները: Նախորդ տարվա համեմատ՝ Google որոնողական համակարգում 800 հազարով ավելացել է «Արցախ» բառի որոնումը»,- ավելացրել է ԱՀ ՄԵՀԶ նախարարը:
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: