հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով

Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայման ժամկետը կերկարաձգվի․ Մուրադով

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում․ այսպիսի հայտարարոթյուն է արել խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ։ Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մուրադովը դրական է գնահատել առաքելության աշխատանքը և հավելել․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է»,- ասել է նա։


Զինվորականը շարունակել է․ «Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»։
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության նոր հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։ Սեպտեմբերի 9-ին նրան ընդունել է ՀՀ ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանը։

2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության չորրորդ կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում։ Խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: