հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Գերիներ կան ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, որոնց մասին կենտրոնական իշխանությունը հնարավոր է՝ տեղյակ չէ․ գերության մեջ կան նաև կանայք․ Բեգլարյան

Գերիներ կան ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, որոնց մասին կենտրոնական իշխանությունը հնարավոր է՝ տեղյակ չէ․ գերության մեջ կան նաև կանայք․ Բեգլարյան

Ռազմագերիները, որոնք եղել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և դա պաշտոնապես հաստատվել է, հիմնականում վերադարձվել են՝ բացառությամբ մի քանիսի: Քաղաքացիական բոլոր անձինք վերադարձվել են՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Որոշ գերիների մասին առկա են կոնկրետ տեսանյութեր և ապացույցներ, կան նաև վկայություններ վերադարձված գերիների կողմից, որոնք ասում են, որ ադրբեջանական բանտերում տեսել են այդ անձանց, բայց Ադրբեջանը համառորեն չի հաստատում նրանց գերության փաստը:

Կան անհետ կորածներ, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են, կա՛մ թաքստոցում են: Ըստ Բեգլարյանի՝ գերիներ կան նաև ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, որոնց մասին կենտրոնական իշխանությունը հնարավոր է՝ տեղյակ չէ, բայց նրանք, միևնույն է, այդ պետության պատասխանատվության տակ են, և եթե նրանց հետ ինչ-որ բան է կատարվում, պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- նշեց Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ առկա են նաև տվյալներ և ապացույցներ գերության մեջ գտնվող անձանց սպանվելու մասին, այդ թվում՝ քաղաքացիական:

ՄԻՊ-ը հայտնեց, որ գերության մեջ կան նաև կանայք:

«Արդեն առնվազն 4 կին է վերադարձվել գերությունից, բայց ավելի շատ կանայք կան գերության մեջ՝ մի մասը հաստատված ու ապացուցված, մի մասը՝ անհայտ կորած, որոնց մասով կասկածներ կան, որ գերության մեջ են:

Ոչ թե 60, այլ շատ ավելի գերիներ պետք է մոտ օրերին վերադառնան, եթե հաշվի առնենք Խծաբերդից տարված 62 ռազմագերու փաստը»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ գերիները պետք է վերադարձվեն առանց նախապայմանի:

Բեգլարյանը հայտնեց, որ գերիների մի զգալի մասը մինչև այս պահը կրում են բռնության հետևանքները. «Քանի որ ճնշող մեծամասնությունը Երևանում են, հիվանդանոցներում, մեր աշխատակազմը դեռևս նրանց հետ հանդիպումներ չի ունեցել: Բայց ՀՀ ՄԻՊ-ի հետ համագործակցում ենք:

Նրանց մի մասի հետ արդեն հայնդիպել են: Աշխատում ենք նաև այլ մարմինների հետ:

Չեմ կարող հստակ թիվ ասել, սակայն եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը ենթարկվել են ֆիզիկական բռնության:

Համոզված եմ, որ բոլորը ենթարկվել են հոգեբանական բռնության: Այս հանցագործություններն արձանագրվելու են ինչպես մեր, այնպես էլ անհատ իրավաբանների կողմից: Համապատասխան հայցեր են ներկայացվելու միջազգային ատյաններ»:

  • Կիսվել: