կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։

Դեսպանն ահազանգել է տարածաշրջանում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին։ Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և դրա արդյունքում ՀՀ ինքնիշխան որոշ տարածքների օկուպացիայից հետո Ադրբեջանը երկու ամսից ավելի արգելափակել է Լաչինի միջանցքը՝ ստեղծելով լրջագույն հումանիտար ճգնաժամ և ծանր հետևանքներ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերի համար։

Քրիստիան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտող նման քայլը միջազգային հանրության քննադատություններին է արժանացել և բազմաթիվ միջազգային դերակատարներ պահանջել են Ադրբեջանից դադարեցնել այդ արգելափակումը։

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն իր հերթին ողջունել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժ ապահովելու համար (ՖՄԿ-ն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում

Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը և ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչը քննարկել են նաև Հայաստանի և Կազմակերպության միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: