հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը

Մինչ այսօր ընդունված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրից օգտվելու դիմումների ընդհանուր թիվը գերազանցում է 46 000-ը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ«Գործընթացը մեկնարկել է սույն թվականի մայիսի 1-ից: Դիմումների առցանց ընդունման վերջնակաժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը: Մինչ օրս քաղաքացիները ներկայացրել են 46000 –ից ավելի դիմում, որից մոտ 7000-ը եղել է սխալ լրացված, 1400 դիմում էլ մերժվել է դիմումատուի կամ ամուսնու՝ զորահավաքային զորակոչով չներկայանալու հիմքով, իսկ 1 դիմում մերժվել է դիմումատիուի դիմումի համաձայն»,- նշել է Մ. Մխիթարյանը, և ընդգծել, որ յուրաքանչյուր շահառու պետք է լրացնի միայն մեկ դիմում՝ անկախ վարկերի կամ փոխառությունների քանակից:

Ծրագրով շահառու ճանաչվելու համար անհրաժեշտ է լրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց շահառու ճանաչվելու համար դիմումի էլեկտրոնային ձևաթղթերը, որոնք տեղադրված են Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:

Դիմումների առաջին խմբաքանակի ընթացքավորման գործընթացը սկսվել է հուլիսի 14-ից և ընդունվել է 1869 դիմումատուի դիմում:

«Բանկերին և ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան երաշխավորագրեր գումարների գանձման համար: Ընդհանուր 1869 դիմումները ընթացքավորվել են 4228 վարկային պայմանագրի մասով»,- հավելել է Մ.Մխիթարյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ օգոստոսի 1-ից փակվելու է միայն դիմումների օնլայն հարթակը, և ցանկացած քաղաքացի, ով չի հասցրել դիմում ներկայացնել, կարող է անձամբ գրավոր դիմում ներկայացնել Ներդրումային հիմնադրամ: Ըստ ստացված տեղեկատվության՝ աջակցությունը իրականացվում է երկու փուլով:

«Առաջին փուլում իրականացվելու է վարկի մնացորդի մարման գործընթացը, որը, ըստ կառավարության որոշման, պետք է իրականացվի մինչ հոկտեմբերի 1-ը, իսկ երկրորդ փուլում իրականացվելու է վճարված գումարների վերադարձման գործընթացը, որը նախատեսվում է իրականացնել մինչև 2023թ. հոկտեմբերի 1-ը: Դեռևս գումարի վերադարձ չենք իրականացրել, միայն կատարված են մարումները: Հնարավոր է՝ եկող շաբաթների ընթացքում կատարենք վճարված գումարների վերադարձման գործընթացը»,- հավաստիացրել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: