ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը չկարծի, թե Սամվել Բաբայանն եկել ու ձեզնից պաշտոն է խնդրում. Բաբայան

Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը չկարծի, թե Սամվել Բաբայանն եկել ու ձեզնից պաշտոն է խնդրում. Բաբայան

Առաջին հերթին ես խնդրում եմ, որ մենք պատասխան ստանանք, «չէ»-ն էլ է պատասխան, «հա»-ն էլ է պատասխան: Այս մասին այսօր Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին ասաց Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ հավաքի մասնակիցները պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար, որը խոստանում է իրականացնել որոշակի քայլեր:

«Պատասխան տվեք, որ հասկանանք, որ էս անձրեւին մարդկանց չկանգնեցնենք, ասեք՝ չէ, ոչ մի բան չենք ընդունում, մենք էլ գնանք նոր ճանապարհով:

Բոլորն էլ իշխանության մեջ եղել են, 23 տարում երկիրը բերել են էս վիճակին, ես կոնկրետ չեմ եղել: Երեք տարի է, մենք երկու քաղաքական ուժով մտել ենք խորհրդարան, աշխատում ենք: Մենք ձեզնից խնդրում ենք, երկու տարի էլ մենք կառավարենք, 100 օր, եթե վատ կառավարենք, մի հրամանով ազատում ենք, եթե լավ ենք կառավարում, ապա կառավրում ենք: Դրա համար ես ուզում եմ, որ հստակ պատասխան լինի: Ասեք՝ ոչ, չի լինում, մենք արդեն մեր քայլերը հասկանանք»,-ասաց Սամվել Բաբայանը և հավելեց, որ պատերազմը չենք կարողացել կառավարել, պարտվել ենք, սուտ է, որ պարտության պատճառ են բերում Ադրբեջանի ուժեղ լինելը:

«Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը չկարծի, թե Սամվել Բաբայանն եկել ու ձեզնից պաշտոն է խնդրում: Որևիցե բևեռ չկա: Մեզ առաջարկում են միանալ Ռուբեն Վարդանյանի հետ, ՀՅԴ-ի, ԱԺԿ-ի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ:

Բոլոր էդ ուժերը 23 տարի ղեկավարել են ու եկել ենք էս վիճակին: Հիմա մեզ առաջարկում են միանալ: Ես միանալու կամ անջատվելու որևէ խնդիր չունեմ, բայց ուզում եմ հասկանալ՝ միանում ենք՝ ի՞նչ խնդիր լուծենք»,-հռետորական հարցով հանրահավաքի մասնակիցներին դիմեց Սամվել Բաբայանը:

Նա նաև հավաքվածներին առաջարկեց երկու ժամ մնալ հրապարակում, լսել ելույթները և եթե չստանան պատասխաններ, կմտածեն հետագա անելիքների մասին:

  • Կիսվել: