հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
«Երկարօրյա դպրոց»-ն արդեն գործում է նաև Վաղուհասի միջնակարգ դպրոցում

«Երկարօրյա դպրոց»-ն արդեն գործում է նաև Վաղուհասի միջնակարգ դպրոցում

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի  Գրիշա Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցում ներդրվել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը: 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է կրթօջախի տնօրեն Արմեն Գրիգորյանը: «Արդեն 3 օր է, որ մեր դպրոցում գործում է  «Երկարօրյա դպրոց»-ը, որին մասնակցում է 1-9-րդ դասարանների 133 աշակերտ: Աշխատում են 4-ական մանկավարժ ու  խոհարար: Մինչև ծրագրի ներդրումը, կատարել ենք նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքում ձևավորել ենք 4 խումբ, կահավորել 2 դասասենյակ, կատարել աշխատաժամի փոփոխություն, որպեսզի դպրոցում գործող խմբակներն ու «Երկարօրյան» միմյանց չխանգարեն»,-ասել է Ա. Գրիգորյանը՝  հավաստիացնելով, որ և´ աշակերտները, և´ ծնողները գոհունակությամբ են  ընդունել ծրագրի ներդրումը: 

Անդրադառնալով դպրոցի խնդիրներին՝ տնօրենը նշել է, որ մարզադահլիճ չունեն: Ֆիզկուլտուրայի պարապմունքներն անց են կացնում դպրոցին հարակից խաղահրապարակում, իսկ ձմռանը՝ դասասենյակներում: 

Կրթօջախում  թափուր են  «Ֆիզկուլտուրա» և «Ֆիզիկա» առարկաների ուսուցչի հաստիքները: 

ԱՀ ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ալենուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է,որ Վաղուհասի միջնակարգ դպրոցում ծրագրի ներդրման համար նախ  կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ: 

«Հայաստանի Հանրապետությունից հրավիրել ենք կրթության փորձագետների. խումբը Արցախ է բերել Նախագահի խորհրդական Վահրամ Սողոմոնյանը: Նախարարության պատվերով Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրում իրականացրել ենք նաև խոհարարների վերապատրաստում»,-հավելել է Ա.Գրիգորյանը՝  նշելով, որ այդ հարցում աջակցություն է ցուցաբերել կրթահամալիրի տնօրեն Տաթև Զաքարյանը:

  • Կիսվել: