Երիտասարդները ուխտագնացություն կատարեցին դեպի Բովուրխանի վանք (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 19֊ին, Արցախցի երիտասարդները ուխտագնացություն կատարեցին դեպի Բովուրխանի վանք։ Ուխտագնացությանը մասնակցեցին ավելի քան 100 երիտասարդ-ուխտավորներ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորականներ, զինվորներ, ինչպես նաև պաշտոնատար անձինք:
Ծրագիրն իրականացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ԱՀ պաշտպանության բանակի հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել երիտասարդության ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային դաստիարակությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, երիտասարդության ազգային ինքնության պահպանմանը:

Պաշտպանության բանակի ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը համարում է, որ առավել քան տեղին է ուխտագնացությունը պատերազմից հետո, և շատ ոգևորիչ է, որ ուխտագնացությանը մասնակցում են պաշտպանության բանակի զինծառայողները, երիտասարդությունը և մշակույթի հետ առնչվող մարդիկ:

«Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք որևէ սրբավայր, նպատակն այն է, որ վերանորոգենք մարդ-Աստված կապը, գանք և Աստծո առաջ մեզ հաշվետվության ենթարկենք, ինչ ենք կատարել կամ ինչ չենք տեղին կատարել», - «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց նա:
Մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանը ներկայացրեց վանքի անվան ստուգաբանությունը և պատասխանեց մասնակիցների հարցերին, որից հետո հավելեց.

«Վանքը գտնվում է անշուք վիճակում և վերականգնման նախագիծը պատրաստ է, պարզապես պատերազմը խանգարեց, որպեսզի նորոգման աշխատանքները սկսվեն»:
Արցախի թեմի առաջնորդության քարտուղար Դավիթ Փաշայանի կարծիքով՝ ամեն ինչի գագաթնակետը հոգևորն է:

Ներկաները վանքում մասնակցեցին ժամերգությանը:





Կազմակերպվեցին ավանդական խաղեր, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան երիտասարդները:





Հնչեցին հայրենասիրական երգեր և ազգային պարեր:



Ուխտագնացության մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութաժամանցային ծրագրին, հոգևոր և պատմամշակութային թեմայով զրույցների:

Նշենք, որ Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին: Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի նշանավոր մելիք` Վարանդայի իշխան Բաղրը: Նա իշխել է XVIIդ. առաջին կեսին մինչև 1646թ.: Սարը և վանք-ամրոցը մելիքի անունով կոչվել է Բաղրխան: Անվանումը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, Բովուրխան:
Բովուրխանավանքի վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, տնտեսական շինություններից, որոնք շրջապատված են պարիսպներով և աշտարակներով: Կառույցների մեծ մասը քանդված է: Արևելյան մասում տեղակայված եկեղեցին համեմատաբար լավ է պահպանվել: Այն պատկանում է թաղածածկ միանավ բազիլիկների տիպին: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել էր XVIIդ.: