ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանը ռուսական կողմին նախապես տեղեկացրել էր հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Վահան Կոստանյան

Երևանը ռուսական կողմին նախապես տեղեկացրել էր հումանիտար օգնություն ուղարկելու մասին. Վահան Կոստանյան

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ նշելով, թե հումանիտար բեռ ուղարկելու նախաձեռնության մասին տեղեկացրել էին ռուս խաղաղապահներին։

«Ազատություն». - Շուրջ մեկ օր է հումանիտար օգնությունը Լաչինի անցակետի մոտ է։ Արդյո՞ք կան զարգացումներ, կամ բանակցություններ ընթանո՞ւմ են այդ ուղղությամբ։

Կոստանյան. - Այս պահին որևէ զարգացումներ, ցավոք սրտի, դրական զարգացումներ չկան։ Այնուամենայնիվ, հումանիտար բեռը, որը Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որովհետև էնտեղ հումանիտար իրավիճակը իրապես շատ սուր է, շարունակում է գտնվել Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Եվ մենք նախապես նաև տեղեկացրել էինք ռուս խաղաղապահներին, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման ցանկություն ունի և նման նախաձեռնությամբ է հանդես գալու։ Դեռևս սպասում ենք զարգացումների։ Հուսով ենք, որ Ադրբեջանը ի կատար կածի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը և ՄԱԿ-ի միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, համաձայն որի Լաչինի միջանցքով երկկողմանի պիտի ապահովվի անխափան անցում մարդկանց, բեռների և մեքենաների համար։

«Ազատություն». - Դա նախապես իրազեկո՞ւմ էր, տեղեկացո՞ւմ էր, թե՞ ձեռք էր բերվել պայմանավորվածություն։ Որովհետև դրանք տարբեր բաներ են։

Կոստանյան. - Իրազեկում էր։

«Ազատություն». - Այսինքն՝ պատասխան չի եղել ռուսական կողմից...

Կոստանյան. - Հիմք ընդունելով այն փաստը, որ պիտի Լաչինի միջանցքը աշխատի, բաց լինի, որտեղ ռուս խաղաղապահները ունեն համապատասխան ֆունկցիաներ, և ադրբեջանական կողմը, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, պիտի երաշխավորի այդ անցումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց նման քայլ ձեռնարկել։

«Ազատություն». - Եվ հիմա ի՞նչ է ասում ռուսական միջնորդական կողմը, ինչո՞ւ չի անցնում այդ բեռը։

Կոստանյան. - Ըստ էության, Ադրբեջանը այս պահի դրությամբ առնվազն շարունակում է փակած պահել Լաչինի միջանցքը՝ ի հեճուկս թե' իրավական այն պարտավորությունների, որոնք ստանձնել է, և թե' այն կոչերի, որոնք այս յոթ ամիսների ընթացքում հնչել են միջազգային հանրության կողմից, թե' այն կոչերի, որոնք վերջին երկու օրերի ընթացքում են հնչում։

«Ազատություն». - Ադրբեջանն ասում է, որ այս քայլը ոտնձգություն է, սադրանք իր տարածքային ամբողջականության հանդեպ, և էդ համաձայնեցումը նախապես Բաքվի հետ Երևանի չի ունեցել։

Կոստանյան. - Համաձայնեցումը, որ Լաչինի միջանցքը պիտի անխափան աշխատի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ է ամրագրված, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։

«Ազատություն». - Իսկ այս հարցը, նկատի ունեմ օգնության հարցը առհասարակ քննարկվե՞լ է բրյուսելյան կամ մոսկովյան հարթակներում։

Կոստանյան. - Հայկական կողմը բոլոր հարթակներում այս յոթ ամիսների ընթացքում, բոլոր հանդիպումների ընթացքում թե' ադրբեջանական կողմի հետ և թե' մեր բոլոր միջազգային գործընկերների հետ մշտապես բարձրացրել ենք և շարունակում ենք բարձրացնել Լաչինի միջանցքի անխափան երթևեկի ապահովման խնդիրը։

«Ազատություն». - Բաքուն պնդում է, որ Բրյուսելում եղել է պայմանավորվածություն Աղդամի ճանապարհից օգտվել։ «Այլ ճանապարհ չկա, խաղն ավարտված է», - ասել է Ալիևի օգնական Հաջիևը։

Կոստանյան. - Նախ, որևէ պայմանավորվածություն չի եղել, և դրա մասին արձագանք եղավ նաև պաշտոնապես Բրյուսելից։ Եվ Հայաստանի Հանրապետությունը, որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, քննարկում է միայն Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման հարցը։

«Ազատություն». - Դուք Բրյուսելի արձագանք նկատի ունեք Բորելի այսօրվա հայտարարությո՞ւնը, որ չի կարող այլընտրանք լինել Աղդամը։ Բայց ես այնուամենայնիվ Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ բանակցություններից հետո Միշելը Աղդամի ճանապարհի մասին խոսել էր, որ հումանիտար մատակարարումներ իրականացնելու համար թե' այս ճանապարհը, թե' այն կարելի է օգտագործել։

Կոստանյան. - Էստեղ, կարծում եմ, ձևակերպումները շատ կարևոր են։ Եվ եթե ես ճիշտ եմ հիշում, Միշելը իր հայտարարության մեջ նշել էր, որ լսել են Ադրբեջանի առաջարկը իրականացնել մատակարարումներ Աղդամով, առանց որևէ գնահատական տալու կամ աջակցություն հայտնելու։

«Ազատություն». - Ասում էր, որ երկու տարբերակն էլ կարևոր եմ համարում։ Այսպես էր ձևակերպել։

Կոստանյան. - Հայաստանի Հանրապետության համար օրակարգում է Լաչինի միջանցքի վերաբացման հարցը։

«Ազատություն». - Եթե Միշելը նման բան է ասում, չի՞ նշանակում, որ այնուամենայնիվ Աղդամի ճանապարհի հարցը քննարկվել է Փաշինյան-Ալիև-Միշել բանակցություններում։

Կոստանյան. - Հայաստանի Հանրապետության վարչապետը չի քննարկել Աղդամով որևէ մատակարարումների հարց։ Եվ առհասարակ չի կարող քննարկել այդ հարցը, որովհետև տեսականորեն անգամ եթե նման հարց քննարկվի, ապա այդ հարցը պետք ա քննարկվի շահառուների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, իսկ նման քննարկում տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որ ի վերջո ստեղծվի միջազգային մեխանիզմ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: