Ստեփանակերտ-Երևան մեկնող անվճար ավտոբուսներից օգտվելու խնդրով ուժեղացված հսկողություն է իրականացվում
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի վարչությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում՝ կապված Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներից ոչ շահառու անձանց օգտվելու խնդրի հետ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Ալֆրեդ Պետրոսյանը՝ հավելելով, որ անձամբ է տեղում ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե արդյոք բոլոր ուղևորներն են համապատասխանում համապատասխան որոշմամբ սահմանված սոցիալական կարգավիճակին:
«Այս տարվա հուլիսի 7-ից Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումներն անվճար հիմունքներով կազմակերպվում են միայն պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների (ծնող, երեխա, ամուսին, քույր, եղբայր), հաշմանդամների, պետության կողմից ուղեգրով վիրահատության մեկնողների (մեկ ուղեկցողի հետ) և տեղահանվածների համար` երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հնարավոր է, որ համապատասխան սոցիալական կարգավիճակ չունեցող մի քանի քաղաքացի մեկնել են այդ ավտոբուսներով , սակայն ոչ միշտ են են այդպիսի դեպքեր արձանագրվում: Մենք հետամուտ լինելով բարձրաձայնված խնդրին, ուժեղացրել ենք հսկողությունը: Ըստ այդմ՝ այն քաղաքացին, ով ցանկանում է անվճար ավտոբուսից օգտվելով մեկնել Երևան, ներկայացնում է անձնագրային տվյալները, որոնք համեմատում ենք տեղահանվածների ցուցակի հետ, որոնք առկա են նախարարությունում: Այսօր կրկին ստուգեցինք ցուցակները, նման խախտում չի գրանցվել»,-ասել է Ա. Պետրոսյանը՝ շեշտելով, որ դիտարկումները շարունակակական են: