հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դպրոցական հագուստ՝  Արցախում գործող  «Սթար սթայլ»-ի արտադրամասում

Դպրոցական հագուստ՝ Արցախում գործող «Սթար սթայլ»-ի արտադրամասում

Պաշարված  Արցախում «Սթար սթայլ»  (Star Style) կարի արտադրամասը  շարունակում է իր գործունեությունը: Այն հիմնադրվել է 2022 թվականին՝ ոչ ասելու թուրքական արտադրանքին և ուշադրությունը սևեռելու  տեղականի վրա: Չնայած հումքի սակավությանը` արտադրամասի հիմնադիր Աստղիկ Պետրոսյանն  այս օրերին  օգնում է  համաքաղաքացիներին ձեռք բերել դպրոցական  հագուստ:

«Սկզբնական շրջանում  նախատեսում էինք կարել կանացի հագուստ: Հումքը ներկրում էինք միայն Հայաստանից: Վերջին շրջանում դպրոցական հագուստի  պահանջարկը մեծացավ,  որոշեցինք  մեր ունեցած և Ստեփանակերտի  կտորեղենի խանութներում եղած հումքով  կարել  մանկական հագուստ՝  ինչ-որ տեղ  փարատելով մարդկանց մտահոգությունները»,- Artsakhtert-ի հետ զրույցում ասաց «Սթար սթայլ» կարի արտադրամասի հիմնադիրը:

Աստղիկ Պետրոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց միշտ սիրել է կար ու ձևը:  Ուսումն ավարտելուց հետո մի որոշ ժամանակ  աշխատել է որպես հաշվապահ, և հենց այդ ժամանակ էլ հասկացել է, որ  հասունանում է կարի արտադրամաս ունենալու գաղափարը. «Տնտեսագետի մասնագիտությունը  շատ է օգնում  այս գործին՝ հատկապես բիզնես պլան կազմելու ժամանակ: Պատերազմից հետո արդեն հստակ որոշել էի: Տնային պայմանաներում սկսեցի  մանր-մունր գործեր և վաստակեցի  25 հազար դրամ: Ձեռք բերեցի  կտորեղեն  ու կարեցի 5 շրջազգեստ: Արտադրամաս բացելու հարցում ինձ օգնեց «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն»  հիմնադրամը»:

Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը «Սթար սթայլ»-ն իր արտադրանքն արտահանում էր նաև ՀՀ շուկա: Վաղուց  պահեստավորված  փաթեթներն սպասում են  Հայաստան ճանապարհվելուն:  Արտադրամասն այս օրերին պատվերներ, ունի քիչ քանակությամբ մեծածախ ապրանք: Կրճատվել է նաև աշխատողների թիվը. 5 աշխատողի փոխարեն այսօր աշխատում է ընդամենը  2-ը: 

«Քանի որ կա տրանսպորտի բացակայություն, խանութներում՝ հագուստի սղություն, իսկ մարդիկ փորձում են գնումներ կատարել  աշխատանքային ժամերից հետո, մենք  միշտ բաց ենք լինում առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան ՝ 19:00-ը: Հիմա ամենապահանջված մոդելները դպրոցական սև  կիսաշրջազգեստներն  ու սպիտակ վերնաշապիկներն են: Մեծ պահանջարկ ունեն նաև պայուսակները. արտադրանքը որակյալ է, գինը՝ մատչելի: Հաճախորդները գոհ են մեզնից, ինչը ամենակարևորն է մեր գործում»,-նշեց Աստղիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝   ծանրաբեռնվածությունը մեծ է, աշխատում են գերլարված, քանի որ  սեպտեմբերմեկյան հագուստի պատվերները շատ են, իսկ գործը պետք է հարմարեցնել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցի  հետ: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝  Աստղիկը նշեց. «Հույս ունենք, որ առաջիկայում կբացվեն ճանապարհները: Մենք կկարողանանք հումք ներմուծել ՀՀ-ից, կընդլայնենք մեր գործունեությունը և մեր արտադրանքը հասանելի կլինի նաև  երկրից դուրս»:

 

  • Կիսվել: