կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բուժքույրերը պատերազմի ժամանակ սխրանքներ են գործել. այսօր նրանց միջազգային օրն է

Բուժքույրերը պատերազմի ժամանակ սխրանքներ են գործել. այսօր նրանց միջազգային օրն է

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է:

ԱՀ հանրապետական բժշկական կենտրոնի Արցախյան երրորդ պատերազմի մասնակից բուժքույրերի հետ այսօր հանդիպել, զրուցել և շնորհավորել է «Արցախպրես»-ի թղթակիցը:

Հիվանդանոցի գլխավոր բուժքույր Արինա Աբրահամյանն իր խոսքում կարևորել և արժևորել է բուժքույրերի դերը խաղաղ և պատերազմական իրավիճակներում: Զրույցի ընթացքում նա մեծամասամբ անդրադարձել է Արցախյան երրորդ պատերազմի ողջ ընթացքում սպիտակ բանակի կատարած աշխատանքներին, ինչպես նաև իրենց ապրումներին:

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ իրավիճակը ծանր էր, օրերը՝ ցավոտ ու անտանելի: «Սպիտակ խալաթավորներին ես հրեշտակներ եմ անվանում, որովհետև օր ու գիշեր փրկել են բազմաթիվ կյանքեր: Բոլորս պայքարում էինք, որպեսզի միմիայն փրկեինք զինվորներին, զերծ պահեինք հաշմանդամությունից: Մենք շնորհակալ ենք սփյուռքից և Մայր հայրենիքից ժամանած մեր գործընկերներին, ինչպես նաև արդինատուրայում սովորող ուսանողներին, ովքեր մեզ հետ հավասար աշխատում էին առանց հանգստի: Կյանքերի փրկության գործում մեծ էր շտապ-օգնության մեքենաների վարորդների, ինչպես նաև անձնակազմի դերը, ովքեր ճիշտ ժամանակին տեղ էին հասցնում վիրավորներին։ Պատերազմի օրերին մեզնից յուրաքանչյուրը, անկախ իր աշխատանքից, կատարել է այն ամենը, ինչի կարիքը կար։ Պիտի խոստովանեմ, որ այսօրվա սերունդը բավականին ամուր ոգի ունի»,- մասնավորապես ասել է Ա. Աբրահամյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա նշել է, որ բուժքույրերը բժիշկների հետ հավասար աշխատում էին՝ անելով առավելագույնը. յուրաքանչյուր պահ մտածել են, որ կարող է հաջորդ վիրավորը իրենց եղբայրը, հայրը, հարազատը, հարևանը լինել: «Մեզ ոչ ոք չի պարտադրել, դա մեր ցանկությամբ էինք կատարում: Երբ կյանքեր էինք փրկում, հպարտության զգացումը դառնում էր անբացատրելի, յուրօրինակ խանդավառություն էինք ապրում բոլորս: Մեր աշխատանքը կատարում էինք լացակումած աչքերով: Եղել են զինվորներ, ովքեր կոնֆետի կամ հացի կարիք էին զգում, մեծամասամբ էլ՝ ջուր էին խնդրում: Մենք՝ բոլորս կիսել ենք մեր բաժին հացը, և ուրախանում էինք անգամ դրանով, որ կարողացանաք իրենց փոքրիկ ցանկությունը կատարել»,- ավելացրել է գլխավոր բուժքույրը՝ իր խորին շնորհակալությունը հայտնելով հայրենիքի պաշտպանության գործի բոլոր նվիրյալներին, և խոնարհվել հերոս նահատակների ծնողների առջև:

Բնութագրությունը հասանալի չէ

Բուժքույր Լիլիա Մովսեսյանը, ով ևս ականատես է եղել պատերազմի արհավիրքին, ցավով, բայց և հպարտությամբ է խոսել սպիտակ բանակի սխրագործությունների մասին: «Ծանր, սարսափելի այդ օրերը մենք երբեք չենք մոռանա: Հիշում եմ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ կային շատ վիրավորներ, բայց այս անգամ ցավն անասելի էր: Բոլորս մեկ մարդու պես կատարում էինք ցանկացած աշխատանք, ոչ ոք չէր դժգոհում ոչ ուտելուց, ոչ խմելուց, ոչ հագուստից: Բոլորիս գերնպատակն էր օր առաջ խաղաղության հաստատումը և կորուստների պակասը: Բժիշկների հետ միասին տոնում էինք վիրավոր զինվորների ծնունդները: Բուժքույրերը թխվածքաբլիթներ էին պատրաստում, մոմեր էինք գտնում. ամեն ինչ անում էինք, որպեսզի ուրախ տրամադրություն հաղորդեինք հայրենիքի պաշտպաններին: Ցավով եմ նշում, որ ունեցել ենք նաև ծայրահեղ ծանր վիրավորներ, որոնց կյանքը չկարողացանք փրկել: Պիտի խոստովանեմ, որ այդ օրերին Մայր Հայաստանից, Սփյուռքից բոլորն օգնություն էին ուղարկում, և հիվանդանոցում որևէ բանի պակաս չկար»,- պատմել է Լ. Մովսիսյանը:

Նա անկեղծ ու ջերմ շնորհավորանքներ ու մաղթանքներ է հղել ամենալուսավոր, վեհ ու դժվարին այս գործը պատվով կատարողներին՝ բուժքույրերին։ Բարձր գնահատելով նրանց ամենօրյա նվիրումն ու ջանքերը՝ բոլորին մաղթել է կանացի և ընտանեկան անսահման երջանկություն, մասնագիտական բերկրանքի բազմաթիվ պահեր։

Վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ալվինա Փարամազյանը չկարողացավ երկար խոսել, հուզմունքը խեղդում էր կոկորդը, պարզապես շնորհակալություն հայտնեց բոլոր բուժաշխատողներին՝ սանիտարից մինչև գլխավոր բժիշկ, և շնորհավորեց բուժքույրերի միջազգային մասնագիտական օրը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ մաղթելով արևշատություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն: Թող այսուհետ չտեսնենք պատերազմ, և մեր բուժծառայությունն իրականացնենք միմիայն ոչ պատերազմական իրավիճակներում: մենք պատրաստ ենք օգնելու բոլորին, յուրաքանչյուր զինվորի համար լինելու մայր և քույր, բայց մենք չենք ուզում սերունդ կորցնել.ազգի սերուցքը երկինք ուղարկել»,֊հավելել է Ա. Փարամազյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Տոնի առթիվ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժքույրերը քաղաքացիների կյանքի և առողջության պահպանման գործում բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով մեծ ներդրում ունենալու և բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ արժանացել են պատվոգրերի և ծաղկեփնջերի:

  • Կիսվել: