ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայանը՝ Բանակի օրվա առիթով

Բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայանը՝ Բանակի օրվա առիթով

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը վստահ է՝ բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկն իր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով իր պարտականությունները:  Բանակի օրվա առիթով իր շնորհավորական խոսքում Բաբայանը վստահություն է հայտնել, որ  այդ դեպքում միայն հաջողություններ կգրանցվեն:

«Արցախի պահպանողական կուսակցության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Այս տարի մենք յուրովի ենք հիշում այս նվիրական տոնը, յուրահատուկ է նաև օրվա խորհուրդը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մեր ժողովուրդը, պետությունը, մենք բոլորս ծանր կորուստներ ենք կրել: Եվ այժմ պետք է անենք հնարավորը, որպեսզի կարողանանք հաղթահարել առկա դժվարությունները և դուրս գանք ստեղծված իրավիճակից, բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկս մեր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով մեր պարտականությունները: Այսօր, ավելի քան երբեք, պետք է անհաշտ պայքար մղենք անարդարության, չարության, եսասիրության, նյութապաշտության և այլ արատավոր երևույթների դեմ, լինենք ավելի հանդուրժող ու կարեկից, հոգատար ու հայրենասեր: Այդ դեպքում, վստահ եմ, կկարողանանք գրանցել հաջողություններ: Խաղաղություն բոլորիդ: Աստված պահապան մեր Հայրենիքին, ժողովրդին և պետությանը»,- «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել է Բաբայանը:

  • Կիսվել: