Բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգում փոփոխություններ և լրացումներ են կատարվել
Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 29-ի N 736-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Բնակարանային հարցերի կոմիտեից՝ ըստ այդմ՝ բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած այն ընտանիքները (այդ թվում մեկ անձից բաղկացած), ովքեր Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան բնակարանային ապահովման նպատակով լիազոր մարմնում՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում ունեն հաշվառվելու իրավունք և փաստաթղթեր են ներկայացրել բնակարանային գործի համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառուների)։
Շահառու ընտանիքին դրամական աջակցությունը լիազոր մարմինը տրամադրում է այդ նպատակի համար Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ ելնելով շահառու ընտանիքի անդամների թվից (1 անձ՝ 60 000 ՀՀ դրամ, 2 անձ՝ 80 000 ՀՀ դրամ, 3 անձ՝ 120 000 ՀՀ դրամ, 4 անձ՝ 140 000 ՀՀ դրամ, 5 և ավելի անձ՝ 160 000 ՀՀ դրամ)։
Դրամական աջակցությունը տրամադրվում է լիազոր մարմնում բնակարանային գործի համար փաստաթղթեր ներկայացրած և բնակարանային գործերի շտեմարանում շահառու ընտանիքի «գլխավոր» նշված անձին (ընտանիքի բոլոր անդամների համաձայնության դեպքում՝ նաև ընտանիքի այլ անդամի)։
Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով բնակտարածք ունեցող, սակայն Արցախի Հանրապետությունում բնակվող ընտանիքները ևս հանդիսանում են ծրագրի շահառու։ Շահառու ընտանիքները Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 29-ի N 736-Ն որոշմամբ սահմանված դիմումը կարող են ներկայացնել ապրիլ ամսվա համար նախատեսված հայտագրման պատուհանը բացվելուն պես:
Որոշմանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Քանի որ աջակցության շահառու են համարվում բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած ընտանիքները, մեր այն հայրենակիցներին(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարութ-յան 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառուների), ովքեր դեռևս փաստաթղթեր չեն հանձնել, հորդորում ենք հետևյալ փաստաթղթերը սեղմ ժամկետում հանձնել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե կամ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։