երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բարեկեցիկ և առողջ հասարակություն. սա կայացման բարդ, բայց իրական ճանապարհն է. Թանդիլյան

Բարեկեցիկ և առողջ հասարակություն. սա կայացման բարդ, բայց իրական ճանապարհն է. Թանդիլյան

Արցախի ԱՍՀ նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մեզ պարտադրված ծանր փորձությունը փոխեց բոլորիս կյանքն ու կենսակերպը: Դաժան պատերազմի հետևանքները վերացնելու գործընթացում ներդրում ունենալու, արցախցիներին իմ կարողությունների չափով օգտակար լինելու համար ստանձնել եմ Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնը։

Նպատակը հստակ է՝ ապրեցնել Արցախը։

Պատերազմից հետո, ամենադժվար և ծանր ժամանակահատվածում ինձ է վստահվել ղեկավարել բարդ, միևնույն ժամանակ հետաքրքիր և բազմաշերտ ոլորտներից մեկը։

Վստահաբար գիտակցում եմ, թե ինչպիսի պարտավորեցնող աշխատանք է վերապահված, թե ինչ լրջագույն ու ծայրահեղ դժվար ճանապարհ ունենք անցնելու, որի համար մեծ ջանք ու ներդրում է պահանջվում։

Հստակ է մեկ սկզբունք՝ մեծ պատասխանատվությամբ և արժանապատվորեն հաղթահարել խորդուբորդ ճանապարհները։ Միանշանակ, ապահով երկրի երաշխիքը բարեկեցիկ և առողջ հասարակություն ունենալն է։ Սա կայացման բարդ, բայց իրական ճանապարհն է։

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները մարտահրավեր են, և թեև նախարարության գործունեության դաշտն ընդգրկուն է և առնչվում է մեր հայրենակիցների կենսական խնդիրներին, ինձ համար սոցիալական ոլորտի ցանկացած շահառու հանդիսանում է անհատ՝ իր բարեկեցության և երջանկության ակնկալիքով: Յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք:

Հետևաբար, վերապահված առաքելությունը պատրաստակամ եմ առաջնորդել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտում փոփոխությունների իրականացմանը ի շահ Արցախում ապրող քաղաքացիների բարեկեցության։

Սիրելի՛ հայրենակիցներ մեր հազարավոր տղաների արյամբ սրբացած այս հողի պահպանման և նույնչափ քաջարի՝ տուն դարձող մեր քաղաքացիների՝ սոցիալապես ապահով, պաշտպանված և անվտանգ կենցաղը հաջողելու գործում անելիք ունի յուրաքանչյուր գիտակից և կարող հայ։

Յուրաքանչյուր կորցրած տարին, ամիսը, օրը դառնում է անդառնալի՝ ապագայի մեր տեսլականի կայացման հարցում։ Մենք պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել անցյալի քննարկումներում և մեղավորների փնտրտուքում։ Հակառակ պարագայում, մեր ամեն օրը դառնում է անցյալ՝ նորանոր խնդիրներով։

Պետք է անենք առավելագույնը մեր հայրենիքի և ապագա սերունդների համար։ Բոլոր խոսքերի փոխարեն՝ նախընտրելով գործով լծվել այդ առաքելությանը։

Ապրելու է Արցախը…»:

  • Կիսվել: