երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բանակ չկա այստեղ, բայց եթե պետք եղավ, շատ արագ մենք էլ բանակ կդառնանք․ Անդրանիկ Չավուշյան

Բանակ չկա այստեղ, բայց եթե պետք եղավ, շատ արագ մենք էլ բանակ կդառնանք․ Անդրանիկ Չավուշյան

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը փորձում է գյուղի վերաբնակեցման ծրագիրն ընդլայնել։ Lragir.am-ի հետ զրույցում Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ գյուղը լքած ընտանիքներին նախազգուշացվել է, որ կամ պետք է վերադառնան, կամ նրանց ազատ տները կհանձնվեն այն ընտանիքներին, ովքեր հերթագրվել են ու ցանկություն ունեն բնակություն հաստատել Աղավնոյում։

Անդրանիկ Չավուշյանն անդրադարձավ խնդրին, որ Արցախում հայկական վերահսկողության տակ մնացած որոշ գյուղերի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Նրա խոսքով՝ Աղավնոյի սահմաններից դեռ 10 ամիս առաջ են հեռացրել հայ զինծառայողներին։

«Այդ ընտանիքները պատերազմի օրերին տեղափոխվել են Հայաստան, չեն ուզում գալ, մենք էլ ասում ենք՝ Աստված ձեզ հետ, տները կհանձնենք այլ ընտանիքների։ Իրենք էլ չեն ուզում հանձնել, մտածում են, որ կարող են փող աշխատել։ Հիմա դրանք կառավարությանը պատկանող տներ են, կառավարությունն սկսել է զբաղվել այդ հարցով, մարդկանց ժամկետ են տվել, որ վերադառնան գյուղ»,- ասաց նա։

Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ իրենց երկարատև պայքարի արդյունքում Արցախի կառավարությունը սկսել է աջակցել Աղավնոյի վերաբնակեցման ծրագրին։ «Կառավարությունը մի քիչ խիստ է վերաբերվել էս երկու օրը էդ ընտանիքների հետ, ասել է՝ կամ պետք է ապրեք, կամ ոչ մեկից առավել չեք, եթե չեք ապրում, տունը ուրիշին ենք տալիս։ Մի քիչ ժամանակ պահանջվեց, ամբողջ օրը կառավարության հետ կռվի մեջ էինք, ասում էինք՝ եթե մենք մնացել ենք ու մնում ենք գյուղում, ինչո՞ւ դուք քայլ չեք անում, փաստացի ոչ մի բանով չեք աջակցում։ Հիմա թեկուզ չգիտենք, թե գալիք օրերին ինչ կլինի, բայց կարևորը սկսել են զբաղվել այդ հարցերով»,- հավելեց նա։

Աղավնո գյուղում ներկայում բնակվում է ավելի քան 150 մարդ։ Գյուղապետի փոխանցմամբ՝ մարդիկ մտադիր չեն լքել գյուղը, ավելին, շատ ընտանիքներ ցանկանում են բնակություն հաստատել Աղավնոյում։

Անդրանիկ Չավուշյանն անդրադարձավ խնդրին, որ Արցախում հայկական վերահսկողության տակ մնացած որոշ գյուղերի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Նրա խոսքով՝ Աղավնոյի սահմաններից դեռ 10 ամիս առաջ են հեռացրել հայ զինծառայողներին։

«Պաշտոնական բանակ չկա այստեղ, բայց մենք ենք կանգնած, ազգ-բանակ հասկացություն է։ Եթե պետք եղավ, շատ արագ մենք էլ բանակ կդառնանք։ Տեսանելի է, որ հիմա կտրում են Արցախը Հայաստանից, դա հստակ է»,- նշեց նա։

Ըստ Չավուշյանի՝ գյուղի ծայրամասում կան ռուս խաղաղապահներ։ Ավելի վաղ ռուս խաղաղապահները տեղեկացրել են, որ պարեկային ծառայություն պետք է իրականացնեն Աղավնոյում, համայնքապետն ու գյուղացիները թույլ չեն տվել, պարեկային ծառայություն չի կազմակերպվել։ «Իրենց կամանդիրները եկան ասեցին, որ պատրուլ պիտի լինեն գյուղի մեջ, ասացինք՝ չէ, չթողեցինք, որ մտնեին այստեղ, խաղաղ բնակիչների մոտ վախ ու սարսափ տարածեին։ Հիմա իրենք գյուղի ծայրամասում են, իրենք իրենց գործին են, մենք մեր»,- հավելեց նա։

Անդրանիկ Չավուշյանը կարևորում է նաև Քաշաթաղի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած մյուս բնակավայրերի, մասնավորապես, Բերձոր քաղաքի վերաբնակեցման հարցը։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե Բերձորում ինչ է կատարվում։ Նշենք, որ Բերձորում գրեթե բնակչություն չկա, բերձորցիներին թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տներ։

«Չնայած Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պետք է վերաբնակեցնեն, բայց չի արվում։ Ես վերևներում ասել եմ, որ վարչակազմի ղեկավարն ո՞վ է, որ թույլ չտա, որ մարդիկ հետ գան իրենց տները։ Ասել եմ՝ կամ դուք եք ասել, որ այդպես անի, կամ սա քաղաքական այլ նպատակ է հետապնդում։ Ես չեմ կարծում, որ ինքնագլուխ է անում վարչակազմի ղեկավարությունը։ Ես իրենց ասել եմ՝ մենք այստեղ ենք, որ շարունակենք պահպանել մեր ինքնությունը։ Վարչակազմի ղեկավարությունն ուրիշ գործերով է զբաղված, փոխանակ մտածեն բնակեցնեն համայնքները։ Փաստը այն է, որ եթե թուրքը չի ապրում այդտեղ, ինչո՞ւ են հայաթափում։ Վարչակազմի ղեկավարությունը դժբախտաբար թալանով է զբաղված, ես էլ ասում եմ՝ եթե դուք հիմա թալանում եք, նպաստում եք թուրքի ծրագրին, որ հայը հետ չգա իր տունը։ Հիմա դատական գործ են բացել, թալանով չպիտի զբաղվեն առիթավորվողները, պաշտոն զբաղեցնողները։ Զարմանալի է, Բերձորի 3000 բնակչության մեջ չկա՞ր մի 1000-ը, որ հետ գային իրենց տներ։ Մեր վրա էլ շատ աշխատեցին, բայց մեզ հաջողվեց, որ հետ բերենք բնակչությանը, ես չենթարկվեցի, չլսեցի ոչ մեկի։ Մենք պետք է պահենք մեր հայրենիքը, ուզենք, թե չուզենք սա մեր հայրենիքն է, հետնահանջի տեղ չկա, հետ քաշվի, ո՞ւր եք քաշվելու, էդ մարդիկ մեծ ախորժակ ունեն, ասում են՝ «Երևանն էլ է մերը»։ Կանգնիր տեղդ, պայքարիր»,- նշեց Անդրանիկ Չավուշյանը։

  • Կիսվել: