կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱրՊՀ-ում «Մասնագիտություններն այլ անկյունից» խորագրով գիտագեղարվեստական սեմինար է կազմակերպվել

ԱրՊՀ-ում «Մասնագիտություններն այլ անկյունից» խորագրով գիտագեղարվեստական սեմինար է կազմակերպվել

Ապրիլի 27-ին, Արցախի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը նախաձեռնել է «Մասնագիտություններն այլ անկյունից» խորագրով գիտագեղարվեստական սեմինար, որի նպատակն ապագա ուսանողների իրազեկումն էր Մայր բուհի մասնագիտությունների առավելությունների ու խնդիրների վերաբերյալ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, դեկաններ, հանրակրթական, ավագ դպրոցների տնօրենների՝ մասնագիտական կողմնորոշման գծով տեղակալներ և ավագ դպրոցի աշակերտներ։ 

Համալսարանի 18 մասնագիտությունների  գծով բակալավրիատի ուսանողները  ներկայացրել են իրենց կողմից ընտրված մասնագիտության առավելությունները, խնդիրների առաջարկվող լուծումները:

Ռեկտոր Արմեն Սարգսյանի խոսքով՝ ի տարբերություն աշխարհի շատ բուհերի, ԱրՊՀ-ն ավելի շատ գործում է, քան ներկայացնում։ «Արցախը գտնվուն է մի ժամանակաշրջանում և տարածաշրջանում, որ  չունի  աշխարհի որոշ համալսարանների ազատությունները և հնարավորությունները, բայց մասնակցելով տարբեր աշխատաժողովների, անձամբ համոզվել  է, որ լավագույն դրսևորվողներից մեկը Արցախի մայր բուհն է։

ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը մեզ հետ զրույցում նշել է, որ  բուհում բոլոր մասնագիտությունները համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին:

«Ճիշտ է, կան առաջընթացի, շտկման խնդիրներ, որոնց մասին խոսվեց նաև այսօրվա միջոցառման ժամանակ: Մասնագիտական պահանջարկի տեղաշարժերը բավականին դինամիկ են։  Մի քանի տարի առաջ շատ ավելի տարածված ու պահանջված են եղել տնտեսագետները, իրավաբանները, լրագրողները, հոգեբանը, օտար լեզուները։

Դիմորդը ձգտում է այնպիսի աշխատանք գտնել կամ այնպիսի ոլորտի մասնագետ դառնալ, որը իրեն կուղեկցի նաև որպես ապրուստ վաստակելու միջոց»,-ասել է պրոռեկտորը:

«Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Սարգսյանը կարևորում է նմանօրինակ միջոցառումները, այն աշակերտների համար, ովքեր դեռևս չեն ընտրել իրենց մասնագիտությունը, կամ տատանվում են այդ հարցում։ 

«Ովքեր ընտրել են կամ առավել ևս մասնագիտացել դրանում, ապա կարող են ճիշտ խորհուրդ տալ աշակերտներին, բացահայտել մասնագիտության դրական և բացասական կողմերը, ինչպես նաև ծանոթացնել ԱրՊՀ-ի և Արցախում գործող մյուս բուհերի  մասնագիտություններին, բացատրել դրանց  կարևորությունը 21-րդ դարում»,- համոզմունք է հայտնել Տ. Սարգսյանը։

  • Կիսվել: