կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արևային էներգիայի օգտագործմամբ հնարավոր է մեղմացնել էներգետիկ ճգնաժամը. պարզաբանում են փորձագետները

Արևային էներգիայի օգտագործմամբ հնարավոր է մեղմացնել էներգետիկ ճգնաժամը. պարզաբանում են փորձագետները

Արցախի Հանրապետությունում արևային էներգիայի օգտագործմամբ  հնարավոր է որոշակի մեղմացնել  էներգետիկ ճգնաժամը, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ լրիվությամբ ապահովվել պահանջարկը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է «Ջի Էս Էներջի»  ընկերության  նախագծերի  ղեկավար Սեյրան Դանիելյանը։ 

«Շրջափակման ընթացքում  մեր ընկերությունը  «Լորիկ»  մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ՝  20 ջրատաքացուցիչ  է տեղադրել Մարտունու շրջանի՝ Աշան, Նորշեն , Ավդուռ, Հացի և մի շարք այլ համայնքներում՝ սոցիալապես խոցելի խմբերի համար։ 

«Արևային դպրոցներ Արցախում»  ծրագրով էլ  «ռեԱրմենիա»  բարեգործական հարթակի համագործակցությամբ նախատեսվում է նաև արևային էլեկտրակայաններ տեղադրել Մարտունու շրջանի 5 դպրոցներում՝ Քերթի, Սպիտակաշենի, Գիշու, Ճարտար և Մարտունի քաղաքներում:  Արդեն հավաքագրվել է երկու դպրոցներում դրանց տեղադրման համար անհրաժեշտ գումարը ։ Այդուհանդերձ, շրջափակման հետևանքով համապատասխան սարքերը բերելու, բնականաբար նաև  տեղադրելու գործընթացն անորոշ ժամկետով հետաձգվել է»,-մանրամասնել է Ս. Դանիելյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս  Կարմիր խաչի աջակցությամբ  նմանօրինակ ծրագիր է իրականացվել նաև Մարտունու շրջանի մի շարք  մանկապարտեզներում, որոնք այլևս էլեկտրաէներգիայի բացակայության խնդիր չեն ունենում։ 

Մեր զրուցակցի համոզմամբ՝  արևային էլեկտրակայաններով պետք է ապահովվել առաջին հերթին բուժհաստատությունները, որտեղ հոսանքի բացակայությունը կարող է մարդու կյանքին սպառնացող վտանգների հանգեցնել, ուստի իրավասու կառույցներին նման  ծրագիր են առաջարկել, որը քննարկման փուլում է:

 Արևային ջրատաքացուցիչների և էլեկտրակայանների տեղադրմամբ զբաղվող մյուս ընկերության «Շտիգեն»-ի Արցախի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ կարևորելով արևային ջրատաքացուցիչների ու էլեկտրակայանների տեղադրումը որպես ինքնաբավության հնարավորություն, նշել է, որ Հանրապետության տարածքում արևային օրերի քանակը բավականաչափ հնարավորություն է ընձեռում արևային էներգետիկան լայնորեն կիրառելու համար: «Մոտ 160 ջրատաքացուցիչ է տեղադրվել՝ Մարտունու, Մարտակերտի Ասկերանի շրջանների 19 համայնքում: Կառավարության որոշման համաձայն՝ չգազիֆիկացված համայնքներում պետության կողմից սուբսիդավորվում է արևային ջրատաքացուցիչների գումարի 50 տոկոսը»,-մանրամասնել է «Շտիգեն» ընկերության Արցախի ներկայացուցիչը՝ հավելելով, որ բարեգործական ծրագրի շահառուներին էլ ընտրում է համապատասխան կազմակերպությունը ։ Նրա տեղեկատվությամբ՝ շրջափակման պատճառով նախատեսված ծրագրերով մեկնարկած աշխատանքները ներկայում դադարեցված են: «Դիմել ենք կառավարությանը, որպեսզի աջակցություն ցուցաբերվի կիսատ մնացած բարեգործական ծրագրերն ավարտին հասցնելու հարցում: Նույնիսկ ամենափոքր ծրագրի համար պահանջվում է 100 ջրատաքացուցիչ, որից միայն 8 հատի ներկրման համար է պայմանավորվածություն ձեռք բերվել , ինչ շահավետ չէ: Եթե նույնիսկ հաջողվի ներկրել համապատասխան քանակությամբ միջոցները, միևնույն է, տրանսպորտային վառելիքի բացակայության պատճառով չենք կարողանալու ջրատաքացուցիչների տեղադրումն իրականացնել հեռավոր համայնքներում։ Ապագայում նախատեսվում է ծրագիր իրականացնել Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հետ: Շրջափակման հետևանքով, սակայն, հնարավոր չէ ներկրել բավարար քանակությամբ ջրատաքացուցիչները: Խնդրի լուծման համար դիմել ենք պետության աջակցությանը»,- եզրափակել է Արմեն Խաչատրյանը:

  • Կիսվել: