երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախը ողջ կարողությամբ հակադարձել է մարդկության դեմ հանցագործության տարրեր պարունակող գործողություններին. Նաղդալյան

Արցախը ողջ կարողությամբ հակադարձել է մարդկության դեմ հանցագործության տարրեր պարունակող գործողություններին. Նաղդալյան

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցում ասաց, որ մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում են բնակչությունը, քաղաքացիական և կենսական ենթակառուցվածքները:

Նա նշեց. ՛՛Այդ առնչությամբ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Արտաքին գործերի նախարարությունը` առանձնահատուկ դատապարտելով հատկապես համավարակի պայմաններում բժշկական հաստատությունների և հիմնարկների թիրախավորումը, որին ականատես ենք եղել երեկ՛՛:

Ինչպես վստահեցրեց Նաղդալյանը՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան մեծ վնասներ է պատճառել քաղաքացիական բնակչությանը:

՛՛Արցախի ՄԻՊ-ի կողմից հրապարակվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչների զոհերի թիվն ու ավելի քան 120 վիրավորների թիվը, որոնք ստացել են ծանր վնասվածքներ: Եղել է նաև տեղեկություն տասնյակ հազարից ավելի ենթակառուցվածքների թիրախավորման մասին. մոտ 12 000` մասնավոր սեփականության, մոտ 2000-ը` քաղաքացիական, դրանց մեծ մասը՝ կենսական նշանակության՛՛,-հավելեց նա:

ԱԳՆ խոսնակն ասաց, որ մարդկության դեմ հանցագործության տարրեր պարունակող ադրբեջանական այդ գործողությունները ողջ կարողությունների շրջանակում հակադարձվել են Արցախի կողմից:

Նաղդալյանն անդրադարձավ նաև Ադրբեջանին Իսրայելի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ ՀՀ դիրքորոշմանը: 

՛՛Այն հստակ է, արտահայտվել է ոչ թե մեկ կամ մի քանի երկրի վերաբերյալ, այլ՝ սկզբունքային դիրքորոշում է. չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել ամբողջ այս մեկ ամսվա ընթացքում՛՛,- ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց Իսրայելում ՀՀ դեսպանին:

Նաղդալյանն ասաց նաև, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է այն սկզբունքային դիրքորոշումը, որ Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո: 

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նա ասաց. ՛՛Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում, ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց այդ բնիկ ժողովրդի: Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո: Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի առաջին օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք առավել քան խոսուն են՛՛:

Նաղդալյանը նշեց նաև, որ պատերազմական հանցագործություններից է կասետային ռումբերի կիրառումն Արցախի խաղաղ բնակչության դեմ:

ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց նաև, որ ճեպազրույցի պահին ընթանում է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի ու Իրանի ԱԳՆ տեղակալ Սեյեդ Աբբաս Արախչիի հանդիպումը:


Մինչ այդ, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ակնկալիքներ ունի՞ Իրանից, ի՞նչ առաջարկներով է Հայաստան եկել Իրանի ԱԳ նախարարի տեղակալը, և ինչպե՞ս է հայկական կողմն արձագանքում այն առաջարկներին, որոնք բարձրաձայնվել են պաշտոնյայի կողմից Բաքվում, ԱԳՆ խոսնակը նշեց. ՛՛Ես չէի ցանկանա Իրանից ստացված որևէ քայլ կամ առաջարկ մեկնաբանել միայն մամուլից ստացված տեղեկությունների հիման վրա, և քանի դեռ հանդիպումն ավարտված չէ, տեղեկատվություն տրամադրել չեմ կարող:

Իրանը մեր հարևանն է, և Ադրբեջանի գործողությունները՝ Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար, և Իրանը, այդ առումով, նույնպես բացառություն չէ՛՛:

 

  • Կիսվել: