Արցախում տեղացած կարկուտը գյուղատնտեսության ոլորտին որոշակի վնասներ է հասցրել
Արցախի Հանրապետությունում տեղացած կարկուտը գյուղատնտեսությանը որոշակի վնասներ է հասցրել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ շրջանների գյուղբաժինների աշխատակիցներն այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացնում, որի արդյունքները կներկայացվեն գյուղնախարարություն:
Վ. Ավետիսյանը նշել է, որ անձրևների հետևանքով պտղատու այգիները չեն վնասվել, քանի որ պտուղներն արդեն ձևավորված էին:
Նրա խոսքով՝ ապրիլ ամսվա ընթացքում երաշտի հետևանքով վնասվել են աշնանացան հացահատիկային մշակաբույսերը: Եղանակային բարենպաստ պայմանների դրական կամ բացասական ազդեցությունը մոտ 10-15 օր հետո է նկատելի լինելու:
«Բազմամյա տնկարկների համար խոնավության առավելությունը կարող է հանգեցնել սնկային հիվանդությունների բռնկման:Այդ ամենից խուսափելու համար գյուղատնտեսները պետք է ուշադիր հետևեն ընթացքին և , անհրաժեշտության դեպում, ժամանակին կատարեն համապատասխան սրսկումները»,- ավելացրել է Վ. Ավետիսյանը: