երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարները նախորդ շաբաթների համեմատ զգալիորեն նվազել են. ՆԳՆ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարները նախորդ շաբաթների համեմատ զգալիորեն նվազել են. ՆԳՆ

Սեպտեմբերի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 55 հաղորդում, որից 41-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ ոստիկանության ծառայողների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դրանցից 37-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացված բոլոր 4 հաղորդումները: Շաբաթվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 2, խարդախության 3, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1 դեպք:

Քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 3 դեպք:

Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք է կամովին հանձել 2 քաղաքացի: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը համագործակցում է Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, նախորդ շաբաթների համեմատ զգալիորեն նվազել է ՃՏՊ դեպքերը:

Սեպտեմբերի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, որից 13-ը՝ նյութական վնասով, 4-ը՝ մարմնական:

Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի: Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 7 դեպք, 5 վարորդ եղել է անսթափ վիճակում, 39-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա համակարգված աշխատանք:

Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկաններն ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն, այդ թվում՝ «Վերածննդի» հրապարակում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի ու հանրահավաքների խաղաղ ընթացքը:

  • Կիսվել: