երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում քաղաքաշինական աշխատանքների ֆինանսավորման մեծ մասը հոգում են ԱՀ և ՀՀ կառավարությունները. ԱՀ քաղաքաշինության նախարար

Արցախում քաղաքաշինական աշխատանքների ֆինանսավորման մեծ մասը հոգում են ԱՀ և ՀՀ կառավարությունները. ԱՀ քաղաքաշինության նախարար

Արցախում արդեն ակտիվորեն սկսվել են քաղաքաշինական աշխատանքները, որոնց մեջ բացի արցախյան կազմակերպություններից լայնորեն ընդգրկված են նաև հայաստանյան կազմակերպություններ:

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում ներկայացրեց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը շինաշխատանքները իրականացվում են հրադադարից հետո հայկական կողմին մնացած գրեթե բոլոր բնակավայրերում: Որպես առաջնային խնդիր կլուծվի կանգուն մնացած բնակֆոնդի ձմեռվան նախապատրաստվելու խնդիրները` տանիքների, դռների, պատուհանների տեղադրում, տների, բնակարանների ջեռուցում, այնուհետև կառավարությունը կսկսի ներքին հարդարման և բնակչությանը կենցաղային տեխնիկայով և կահկարասիով ապահովման աշխատանքները: Վերջին դրվագը, հատկապես գրավեց մեր ուշադրությունը.

Այսինքն, պետությունը իր վրա՞ է վերցնում ոչ միայն բնակֆոնդի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները, այլև ներքին հարդարման և բնակարանների կահավորման խնդիրները։

-Այո-այո: Ինչ որ մարդիկ կորցրել են պատերազմի ընթացքում և դեռ մի բան էլ ավելին իրենց տրամադրվելու է:  Հիմա արդեն մեծ քանակությամբ գույք է պատվիրված` մահճակալներ, հեռուստացույցներ, սառնարաններ, տաքացուցիչներ:   

Դա արվելու է պետական միջոցների՞ց։

-Դա արվելու է տարբեր միջոցներից, բայց ոչ բնակչության հաշվին: Այսինք, մարդիկ այդ ամենի համար ոչ մի լումա չեն վճարելու:        

Նախարարը նաև պատմեց, որ ԱՀ կառավարությունը վնասի գույքագրման և շինարարական աշխատանքները իրականացնում է միառժամանակ. «Այսինքն տարբեր բնակավայրերում գույքագրում ենք վնասի չափերը և միանգամից անցնում շինաշխատանքների իրականացմանը»:

Ըստ նրա, մինչև տարվա վերջ արդեն հստակ կլինի վնասի ընդհանուր չափը. «Սակայն այս պահին էլ կարող եմ ասել, որ մոտ 2800 տուն ունենք վնասված, որոնցից 250 վերականգնման ենթակա չի: Միևնույն ժամանակ մենք առաջիկա 2-2,5 տարում պետք է 5000 միավոր նոր բնակֆոնդ կառուցենք մեր այն հայրենակիցների համար, որոնք զրկվել են իրենց բնակավայրերից»: 

Այս առնչությամբ նախարարը մի լավ լուր հայտնեց` Իվանյան-Նորագյուղ հատվածում կկառուցվի նոր քաղաք 2 հազար միավոր բնակֆոնդով: Մինչ այդ իրենց բնակավայրերը կորցրած արցախցիները կտեղավորվեն պետության կողմից տրամադրած ժամանակավոր կացարաններում. «Բացի այդ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` արցախցիների որոշ մասին ապաստան տրամադրել ՀՀ-ում մինչև Արցախի կառավարությունը կլուծի նրանց բնակարանային խնդիրները»:    

Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ ավերածություններ կան ամենուր` Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում, բայց ամենա տուժած բնակավայրերը Մարտունի քաղաքն է իր գյուղերով: 

 «Մարտունիում բացի բնակֆոնդի վերականգնման աշխատանքներից, կա նաև ենթակառուցվածքների վերականգնման խնդիր: Օրինակ, այն բարձրավոլտ էլէկտրական  մալուխը, որը սնուցում էր քաղաքը և տարածաշրջանի գյուղերը, անցնում է ներկայումս հայկական վերահսկողությունից դուրս մնացած տարածքներով: Ներկայումս աշխատանքներ են տարվում տարածաշրջանում էլէկտրամատակարարման խնդիրը լուծելու ուղղությամբ»,- նշեց նախարարը:

Խոսելով վերականգնողական աշխատանքների իրականացման ռեսուրսներից` նախարարը նշեց, որ մեծ օգնություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնությունը: «Այսօր արդեն ՌԴ-ից ժամանեց 45 տոննա շինանյութով բեռնված առաջին ինքնաթիռը: Սա մեր ցուցակագրած և ռուսաստանյան կողմին ներկայացրած օժանդակության միայն 5% է: Առաջիկայում սպասվում են նմանատիպ շատ չվերթեր: Բացի շինանյութից, ՌԴ-ն նաև մարդուժի և մասնագիտական օգնություն է ցուցաբերում: Արցախ են ժամանել ՌԴ Արտակարգ իրավիճակի նախարարության մասնագետները»:  

Նախարարը մեծ գոհունակությամբ նշեց, որ այս օրերին օգնություն և օգնության առաջարկություններ ստանում է ամենօրյա ռեժիմով. «Գրեթե ամեն օր ինձ զանգահարում են ամենատարբեր մարդիկ և կազմակերպությունների ներկայացուցիչներ` առաջարկելով իրենց օգնությունը: Ընդ որում, օգնության առաջարկություն են անում իրենց նախաձեռնությամբ` չսպասելով նույնիսկ, որ մենք դիմենք ինչ որ մեկին: Օրերս, օրինակ, ինձ հետ կապ հաստատեց «Ավրորա» հիմնադրամի ներկայացուցիչը և հարցրեց, ինչ կոնկրետ օգնության կարիք կա` պատրաստակումություն հայտնելով համակողմանի աջակցել: Այսօր ինձ մոտ էին եկել ամերիկահայ բարերարներ` առաջարկելով $1 մլն բնակֆոնդ կառուցել»:

Բայց որքան էլ մեծ լինի օգնությունն ու աջակցության առաջարկությունները, բնականաբար, խնդիրների մեծ մասը, ինչպես և նախկինում, լուծվում են նախ և առաջ Արցախի Հանրապետության, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրած միջոցներով:   

«Սակայն մեր հաշվարկներով վնասը այնքան մեծ է, որ նույնիսկ պետական և բարեգործական միջոցների ամբողջական մեկտեղմամբ, մենք չենք կարողանալու լուծել առկա խնդիրները, և առաջիկայում ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու կարիք է առաջանալու»,- շեշտեց նախարարը: 

Մեր այն հարցին՝ արդյո՞ք հնարավոր է Արցախի ամբողջ տարածքի բնակիչներին տեղավորել հայկական վերահսկողության տակ մնացող տարածքներում, նախարարը տվեց դրական պատասխան. «Միանշանակ հնարավոր է, բոլոր հաշվարկները արված են: Կան բազում տարածքներ, որտեղ կարելի է նոր բնակավայրեր կառուցել»:

P.S. ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ հանդիպեցինք շաբաթ օրը ուշ երեկոյան: Մեզ հետ զրույցի ընթացքում ստացած հեռախոսազանգին պատասխանելիս նախարարն ասաց, որ կիրակի առավոտյան ժամը 9-ին կլինի աշխատավայրում և պատրաստ կլինի քննարկել ստացված առաջարկները: 

 

 

  • Կիսվել: