շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստման գործընթացը

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստման գործընթացը

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսի( «COVID-19») դեմ անվճար պատվաստման գործընթացը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Օֆելյա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիներն արդեն ներկայանում են պատվաստման։

«Այս պահին մենք ունենք «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերը: Մեր ՝ այս պահին ունեցած քանակով կարող ենք սպասարկել 1000 քաղաքացու: «AstraZeneca» պատվաստանյութը կստանան 55 և ավելի բարձր տարիքային խմբի անձինք, իսկ «Sputnik V» պատվաստանյութը՝ 18-55: Առաջին փուլով կսրսկվեն ռիսկային խմբի անդամները՝ բուժաշխատողներ, 65 և բարձր տարիքի անձինք, հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ և քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցները: Սրկսումը մկանային է: Պատվաստումներն իրականացվում են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում, ինչպես նաև շրջանային բուժմիավորումներում: Առաջիկա օրերին հայաստանյան մեր գործընկերների հետ կկազմակերպենք օն ֊ լայն դասընթաց, որտեղ մանրամասն կբացատրվի, թե ինչպես պետք է իրականացնել այդ գործընթացը: Պատվաստանյութերը պահպանվում են սառնարաններում՝ հատուկ ջերմաստիճանում: Պատվաստումն իրականացվում է կամավոր հիմունքով՝ առանց պարտադրելու: Մենք նախապես պատրաստել ենք անհրաժեշտ պաստառներ և բրոշյուրներ՝ «Արդյո՞ք պետք է պատվաստվել», «Մի' մոռացեք պատվաստվել «COVID-19» ֊ի դեմ" և այլ գրություններով, որոնք հասանելի ու տեսանելի կլինեն հանրությանը»,- մասնավորապես ասել է ոլորտի պատասխանատուն։Բնութագրությունը հասանալի չէԽոսելով պատվաստման անհրաժեշտության մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ պատվաստման շնորհիվ վարակվելու հավանականությունը , ինչպես նաև հոսպիտալացման, մահվան դեպքերը նվազում են։ Պատվաստելով պաշտպանվում է յուրաքանչյուր ոք: Անկախ այն հանգամանքից՝ հիվանդացել են «COVID-19»-ով, թե ոչ, միևնույն է, անհրաժեշտ է պատվաստվել:

««COVID-19»-ի դեմ պատվաստանյութը վարժեցնում է իմունային համակարգը, որպեսզի այն ճանաչի վիրուսը և պայքարի կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի դեմ: Պատվաստումից հետո քաղաքացիների մոտ կարող են ի հայտ գալ հետևյալ երևույթները՝ ընդհանուր թուլություն, կարճատև գրիպանման երևույթներ, ջերմության բարձրացում, հոդացավեր, մկանացավեր, ներարկման տեղում՝ ցավ, այտուց, կարմրություն»,- մանրամասնել է Օ. Գրիգորյանը։Բնութագրությունը հասանալի չէ

Նա տեղեկացրել է նաև, որ ներկա դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 80 է:

  • Կիսվել: