ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում Մայիսի 9֊ին նվիրված ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում. մանրամասներ

Արցախում Մայիսի 9֊ին նվիրված ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում. մանրամասներ

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում այսօր կայացել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Ներսես քահանա Ասրյանի համատեղ մամուլի ասուլիսը՝ մայիսյան Եռատոնի միջոցառումների անցակցման վերաբերյալ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ասել է, որ, մայիսի 9-ին ընդառաջ , հանրապետության ուսումնական հաստատություններում անց են կացվում արիության դասեր:

Խոսելով նախատեսվողների մասին ՝ նախարարը մասնավարապես տեղեկացրել է այն միջոցառումների մասին, որոնք նախաձեռնել են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ԱՀ ՊԲ֊ն, իսկ հոգևոր միջոցառումների մասին խոսել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նախատեսվում են այցելություններ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտում զոհված, կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների, պահեստազորայինների և կամավորների ընտանիքներ: Դպրոցականների շրջանում կկազմակերպվեն ասմունքի, շարադրությունների մրցույթներ ռազմահայրենասիրական թեմայով: ԱՀ բոլոր շրջաններում կկազմակերպվի «Ննջեք խաղաղությամբ, ձեր գործը շարունակվում է» հայրենասիրական երիտասարդական ակցիա: ՊԲ զորամասերում նախատեսվում է համերգային ծրագիր՝ հայրենասիրական երգերով, ինչպես նաև ավանդական ռազմախաղեր: Դպրոցականների շրջանում տեղի կունենա «Պատանի հրաձիգ» մրցույթի կազմակերպում: Կլինեն նաև հայրենասիրական երիտասարդական արշավներ, ուխտագնացություններ տարբեր ուղղություններով՝ դեպի պատմական վանքեր: Մայիսի 9-ին՝ ժամը՝ 12:00-15:00-ն , Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում կկազմակերպվի «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր ֊բաց դաս, պլեներային նկարչություն, ցուցահանդես- տոնավաճառ, բոդիարտ, ասմունք»,- տեղեկացրել է Լ. Ղարախանյանը:

Տեր Ներսես քահանա Ասրյանի խոսքով՝ մայիսի 8-ին՝ ժամը 18:00-ին ղողանջելու են բոլոր եկեղեցիների զանգերը: Որից հետո լինելու է ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այնուհետև առաջին անգամ Արցախում կկազմակերպվի Խաչերթ. այն կսկսվի Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց՝ հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր: Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին , Ստեփանակերտի Մայր տաճարում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի հայրապետական մաղթանքը»,- ավելացրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:

  • Կիսվել: