Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է հաստատվել․ Արձանագրվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում Նոյեմբերի 24-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 129 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22169 քաղաքացու հետազոտություն, որից 3721-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 3 մահվան դեպք։ 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ: 65-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն: 88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00 -17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- նշվում է ԱՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։