ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների թիվն աճել է. Ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Արցախում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների թիվն աճել է. Ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում փետրվարի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 73 հաղորդում։

 Նախորդ շաբաթվա համեմատ` 22 -ով ավելացել է իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քանակը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից և հավելում, որ հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։ Աղբյուրը նշում է` շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, որից 13-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 5 քաղաքացի։

Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 38 վարորդ, 17-ը եղել է անսթափ վիճակում, 394 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային միջոցում հրդեհ բռնկվելու մասին 1 դեպք է արձանագրվել՝ Ստեփանակերտ քաղաքում:

Տուժածի առողջական վիճակը բավարար է: Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 7 հանցագործություն: Ոստիկանության ծառայողների համար սկզբունք է. անբացահայտ հանցագործություն չի մնալու: Բացահայտվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարված գողության 4 դեպք: Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող մեկ քաղաքացի:

Փետրվարի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խաղաղ բնակավայրերի ուղղությամբ խախտել են 3 անգամ՝ խոչնդոտելով գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիների աշխատանքը, իսկ Թաղավարդում կրակել են բնակելի տների ուղղությամբ:

Ոստիկանության շրջանային բաժինների ծառայողներն անմիջապես դեպքի վայր են մեկնել, արձանագրված դեպքի վերաբերյալ իրականացրել ստուգումներ, հավաքագրված փաստերը ներկայացրել ռուս խաղաղապահներին, այնուհետև վերջիններիս ուղեկցությամբ՝ ադրբեջանական կողմի հետ վարել բանակցություններ:

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության 5 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք։

Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք: Թմրանյութի կամովին հանձնման դեպք է գրանցվել Մարտունու շրջանում: Բնակչության հետ մշտապես տարվող բացատրական աշխատանքներն արդյունք են տալիս։

ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:

  • Կիսվել: