ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արցախում հանցագործությունների և իրավախախտումների մասին հաղորդումները զգալի նվազել են. ՆԳՆ

Արցախում հանցագործությունների և իրավախախտումների մասին հաղորդումները զգալի նվազել են. ՆԳՆ

Հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում՝ նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հերթապահ մասում գրանցված 39 հաղորդումից 18-ը հանցագործության մասին է, որից 17-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Բացահայտվել է խարդախության 2, անձնական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր: Համակարգչային հանցագործություն բնութագրմամբ արձանագրվել է մեկ դեպք: Այն բացահայտելու ուղղությամբ միջոցներ է ձեռնարկում ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 5 դեպք: Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 21-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:

Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 38 դեպք, 15 վարորդ եղել է անսթափ վիճակում, 227-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության տարածքում ապահովում են կայուն հասարակական կարգ ու կանոն:

  • Կիսվել: