կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախում գալիք ուսումնական տարվանից կներդրվի երկարօրյա դպրոցական ծրագիր

Արցախում գալիք ուսումնական տարվանից կներդրվի երկարօրյա դպրոցական ծրագիր

Արցախի դպրոցներում ընթացիկ տարվա սեպտեմբերից կմեկնարկի «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով,որ  նախատեսվում է եռամյա ժամկետում երկարօրյա ծրագիրը ներդնել բոլոր դպրոցներում: Առաջին փուլում ընգրկված են՝ Հաթերք, Մաղավուզ, Մոխրաթաղ, Վաղուհաս, Չափար, Կիչան, Եղցահող, Խրամորթ, Նախիջևանիկ, Աստղաշեն, Սարուշեն, Պատարա, Խնապատ, Բերդաշեն, Աշան, Կարմիր Շուկա, Մեծ Շեն, Մաճկալաշեն, Թաղավարդ Կալեր և Սոս համայնքների դպրոցները։
 
Ծրագիրն ապահովելու է դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։ Միջազգային լավագույն փորձի վրա հիմնված այս ծրագրի նպատակն է՝ բարձրացնել կրթության որակը՝ ամրապնդելով դասի ժամանակ ձեռքբերված գիտելիքն ու հմտությունները, ապահովել դասապատրաստման հավասար պայմաններ և ստեղծել ժամանցի նոր ձևեր, ուժեղացնել աշակերտի կապը սեփական համայնքի հետ ու ստեղծել նոր աշխատատեղեր, ապահովել սնունդ սովորողների համար, ուժեղացնել քաղաքացիական գիտակցությունն ու գրավիչ դարձնել Արցախի համայնքները:
 
Ըստ Արցախի ԿԳՄՍ նախարարության՝ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը բխում է մասնակցային կրթության և կրթական համակարգի արդարության սկզբունքներից: Ըստ այդմ, սփյուռքի և տեղական հիմնադրամները կֆինանսավորեն դպրոցների արդիականացումը, ԱՀ և ՀՀ կառավարությունները կապահովեն մանկավարժների վարձատրությունն ու վերապատրաստումը, համայնքները կօգնեն շենքային և այլ ռեսուրսներով, դպրոցի ուսուցիչները, ծնողներն ու աշակերտներն էլ միասին կձևավորեն ու կիրագործեն երկարօրյայի սեփական կարգացուցակը։

  • Կիսվել: