հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում բոլորն են զինվոր․ վերականգնողական քաղաք Ամարասում

Արցախում բոլորն են զինվոր․ վերականգնողական քաղաք Ամարասում

Արցախի Ամարաս վանական համալիրում վերականգնողական քաղաք է  կառուցվում։ Այն ծառայելու է զինվորների ու նրանց ընտանիքի անդամների հոգեկան առողջության բարելավմանը։ Ծրագրի նախաձեռնողները և Արցախի թեմի առաջնորդը «Ռադիոլուր»–ին պատմել են շինարարական աշխատանքների և համալիրի տարածքի անվտանգության խնդիրների մասին։

Արցախում՝ Ամարաս վանական համալիրում, հոգ կտանեն պատերազմին մասնակցած տղաների և նրանց ընտանիքիների հոգեկան առողջության մասին․ վերականգնողական քաղաքում շինարարական աշխատանքները եռում են։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ նաև այլազգի վարպետներ են ներգրավվել․

«Աշխատանքները շատ կայուն և բուռն ընթանում են, սկզբնական շրջանում անգամ վարպետների կարիք ունեինք։ Իրանի Իսլամական Հանրապետությունից մարդ ենք հրավիրել Իրանում վերականգնել է հայական եկեղեցի, ձևերը գիտի։ Երեք հոգի աշխատում են մեր հայ վարպետների հետ միասին»։

Հերոսների վերականգնողական քաղաք ստեղծելու նախաձեռնությունը «Հայ կենտրոն վերականգնողական քաղաք» բարեգործական կազմակերպությանն է: Նախագահ Սուրեն Արենցը հիշեցնում է՝ խնամքի կարիք ունի ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Ասում է՝ շուրջ 12 000 զինվոր պատերազմից հետո հոգեկան առողջության խնդիր ունի, մեծ թիվ են կազմում պատերազմում անուղղակի «կռվածները»՝ նրանց հարազատները։ Սուրենն ասում է․

«Ծրագիրը հիմնված է մեր ազգի մենթալիտետի վրա։ Մենք, դժբախտաբար, դեռ սովոր չենք հոգեկան ոչ հավասարակշիռ պահվածքի կամ անհանգստության դեպքում բժշկին դիմելուն։ Որոշեցինք, որ տղաները գան այստեղ, ուսում ստանան, աշխատանք ունենան և, դրան զուգահեռ, մասնագետները կարողանան աշխատել տղաների հետ։ Մարդն ունի հոգեբանական խնդիր՝ սրվածություն, լարվածություն, անհանգստություն, որը կարելի է ուղղել, բայց մարդուն տանել ասել «բարև, սա քո հոգեբանն է», մենք սովոր չենք, մեր հասարակությունը սովոր չի»։

Նախագիծը կյանքի կկոչվի, երբ վանական համալիրի խցերում շինաշխատանքներն ավարտվեն։ Մինչ այդ հանդիպումներ են կազմակերպվում  հոգևորականների և հոգեբանների հետ, ընտրվում են վերականգնողական  մեթոդները․

«Մենք Ամարասի վանական համալիրում բուժման համար սարքավորումներն ամբողջությամբ ունենք, նաև կնքվել է հուշագիր, որով «Քոքսի» մասնագետները նախնական անվճար թերապիաներ են իրականացնելու»։

Սուրեն Արենցը նշում է՝ վայրի ընտրությունը պատահական չէ՝ Ամարասում նաև մարդկային հոգու առողջությամբ են զբաղվել։ Ամարասը հայ–ադրբեջանական սահմանին է, ռուս խաղաղապահները շաբաթը 3 օր այցելում են համալիրի տարածք։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահեցնում է՝ վանական համալիրը միանգամայն անվտանգ է, ապահով և սպասում է այցելուների․

«Ամարասը անվտանգ է, ադրբեջանցիները միայն հարավային կողմում մի դիրք ունեն, այդ թևի վրա մենք ևս դիրքեր ունենք։ Իրենք չեն երևում, միայն խցիկ են տեղադրել, որ նայեն։ Ընդահնրապես, անվտանգ է այնտեղ, ժողովուրդն աշխատում է, խաղող են հավաքում, բերք են հավաքում»։

«Արցախում բոլորն են զինվոր»,- ասում է սրբազան հայրը։ Շինարարության ընթացքը նրան հուշում է, որ վերականգնողական քաղաքում պայմանները լավն են լինելու, իրենք էլ այցելուներին հավուր պատշաճի կդիմավորեն, խնդիր ունեցող հոգիներին՝ կօգնեն։

  • Կիսվել: