Արցախում ապրանքատեսակների գների ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության վարչության մասնագետների կողմից ամենօրյա ռեժիմով կատարվում են ուսումնասիրություններ՝ պարզելու, արդյոք իրավիճակով պայմանավորված խանութներում անհարկի գնաճի դեպքեր կան, թե՝ ոչ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ՝ Հրաչ Ավթանդիլյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես 2022թ. դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (14.12.2022թ.) համեմատ, գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել:
«Հնդկաձավարի, ոսպի և բրնձի ավելի էժան ապրանքատեսակների բացակայութամբ պայմանավորված, դիտանցումների ընթացքում ֆիքսվել է, որ որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակներն իրացվում են համապատասխան գներով: Հանձնաժողովը իր գործառույթների շրջանակներում ամենշաբաթյա մոնիթորինգներն այժմ իրականացնում է ամենօրյա՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով։ Մոնիթորինգների արդյունքները հրապարակվում են մեր կայքում, ֆեյսբուքյան էջում, ըստ որի հասարակությանը տեղեկացնում ենք նաև, թե որտեղ ինչ ապրանքատեսակ կա։ Այս օրերին արձագանքում ենք նաև Հանձնաժողովի և օպերատիվ շտաբի թեժ գծերով ստացված ահազանգերին՝ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, դեղորայքի հետ կապված խնդիրների վերաբերյալ ։ Հանձնաժողովը մշտական կապ է պահպանում տնտեսավարող սուբյեկտների հետ: Համագործակցում ենք ու ոչ ոք չի պատրաստվում գների փոփոխություն իրականացնել, քանի որ բոլորն էլ գիտակցաբար են մոտենում մեր Հանրապետությունում ստեղծված իրավիճակին »,-ասել է Հ. Ավթանդիլյանը։
Ինչպես հայտնել են Հանձնաժողովից՝ ՏՄՊ մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 21 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում էլ, նախորդ դիտանցման (15.12.2022թ. ) համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գների նվազում։