շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի պետական համալսարանը մասնակցել է միջազգային գիտաժողովի

Արցախի պետական համալսարանը մասնակցել է միջազգային գիտաժողովի

Արցախի պետական համալսարանը ապրիլի 2-ին մասնակցել է «Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային առցանց աշխատաժողովին: Այս մասին հայտնում են ԱրՊՀ տեղեկատվական բաժնից՝մանրամասնելով, որ աշխատաժողովին, որը կրում էր «2019-2020 ուստարվա հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները ասոցիացիայի անդամ համալսարաններում» խորագիրը, մասնակցում էին ասոցիացիայի անդամ երկրների՝ Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Արցախի պետական համալսարանների պատվիրակները:

Միջազգային աշխատաժողովի համակարգող, Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Բերիլը՝ ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, զորակցություն է հայտնել Արցախի մայր բուհի պատվիրակներին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած կորուստների կապակցությամբ:
 
Արցախի պետական համալսարանի ռեկտորի անունից աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը՝ կարևորելով նման ձևաչափով անցկացվող համատեղ միջոցառումներն ու քննարկումները փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման տեսանկյունից: ԱրՊՀ ռեկտորն իր ուղերձում երախտագիտություն է հայտնել  ասոցիացիայի անդամ երկրների համալսարաններին՝ համագործակցության և  ծանրագույն ժամանակներում Արցախի ու մայր բուհի կողքին գտնվելու համար:
 
Այնուհետև միջազգային աշխատաժողովի ընթացքում զեկուցումներ են ներկայացրել  Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիայի բուհերի պատվիրակները, այդ թվում նաև ԱրՊՀ  պրոռեկտորները և ուսանողներ:
 
Ավարտին մասնակիցների միջև պայմանավորվածություն է ձեռք են բերվել առաջիկայում կազմակերպելու ուսանողական առցանց գիտաժողով՝ արդիական հնչեղություն ունեցող հիմնախնդիրների շուրջ և հրատարակել գիտական հոդվածների ժողովածու:

  • Կիսվել: