Արցախի ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Ռուսաստանի հայկական համայնքների համաժողովին
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդականԱզատուհի Սիմոնյանը Ղրիմում մասնակցել են Ռուսաստանի մի շարք քաղաքների հայկական համայնքների համաժողովին:
Այս մասին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հրավիրվեցինք Ղրիմի հայկական համայնք։ Համայնքի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում էին Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ռոստովի, Աբխազիայի, Կրասնոդարի շրջանի, Ստավրոպոլի, Լյուբերցկի, Պյատիգորսկի, Տվերի հայկական համայնքների ղեկավարները։ Քննարկվել են հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերների, համագործակցության կապերի արդիականացման, հետպատերազմյան Արցախին աջակցելուն առնչվող հարցեր»,-նշել է Ղարախանյանը:
Նրա հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում յուրաքանչյուր համայնք ներկայացրել է ինքնության պահպանման իր նախադրյալներն ու հեռանկարները։
«Սա առասպելականացված և հուզական ընկալումների սփյուռքը չէր։ Սա հայկական համայնքների կատարած գործունեության վերագնահատման, նոր համագործակցության զարգացման ուղեծրի ճշգրտում էր»,-մանրամասնել է ԿԳՄՍ նախարարը՝ նշելով, որ Համաժողովի նպատակը ներկա գտնվող բոլոր համայնքների մտավոր, բարոյական ու նյութական ռեսուրսների կենտրոնացումն է, իսկ համաժողովի առանցքում ինքնության՝ որպես քաղաքակրթական բաղադրիչի պահպանումն ու արդիականացումն էր և այս համատեքստում նաև Արցախի կողքին կանգնելու մղումը։