շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի իշխանությունները շարունակելու են պայքարը Աղավնոյի համար` բանակցություններ են ընթանում. Արայիկ Հարությունյան

Արցախի իշխանությունները շարունակելու են պայքարը Աղավնոյի համար` բանակցություններ են ընթանում. Արայիկ Հարությունյան

Արցախի իշխանությունները շարունակելու են պայքարը Աղավնոյի համար` բանակցություններ են ընթանում: Այս մասին ԱՀ խորհրդարանում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շինարարությանը և ներկայիս ճանապարհի տարածքում գտնվող հայաբնակ Աղավնո, Սուս և Բերձոր համայնքների ճակատագրին` ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ խոսքը այս պահին միայն Աղավնո գյուղի մասին է, քանզի միայն այնտեղ է, որ պատերազմից հետո բնակչությունը չի լքել գյուղը:

«Մենք որեւէ մեկին չենք ասել դուրս եկեք Բերձորից, բայց բնակիչները մեծամասամբ լքել են քաղաքը: Սուս գյուղում էլ համարյա բնակիչ չկա»,- պարզաբանեց ԱՀ նախագահը` հավելելով, որ Բերձորի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց համապատասխան փոխհատուցումները:

Նա նաև հավելեց, որ Բերձորի ճակատագիրը արդեն իսկ որոշված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով:

«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք: Բերձորում մեր հայրենակիցների հետագայում ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իակ Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, բանակցությունները շարունակվում են»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Նա հավաստիացրեց, որ Աղավնոյի հետ կապված ՀՀ վարչապետի հետ քննարկման ժամանակ ասել է՝ բանակցություններ ենք տանում, թողեք մեր բանակցային շրջանակներում տեսնենք, թե ի՞նչ հնարավորություններ կան:

  • Կիսվել: