հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կբերի կրթական համակարգի բարեփոխման․ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Շահմասուր գործուղված ուսուցիչ

Արցախի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կբերի կրթական համակարգի բարեփոխման․ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Շահմասուր գործուղված ուսուցիչ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում պատմության ոլորտի մասնագետ Արարատ Սարգսյանը Գյումրիից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի հիմնական դպրոցում:

Արարատ Սարգսյանը, համաձայն լինելով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի գաղափարական և մեթոդաբանական մասին, հանձնառու եղավ մասնակիցը լինելու այս կարևոր առաքելությանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Երբ մանրամասն ծանոթացա ծրագրի պատմությանը, առաքելությանն ու տեսլականին, ինձ ոգևորեց ու ոգեշնչեց այն գաղափարը, որ ցանկացած հայ երեխա, անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից և գտնվելու վայրից, այս ծրագրի միջոցով կարող է հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալ և բացահայտել իր ողջ ներուժը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի դրած նշաձողը և պահանջած արդյուքները բարձր են, սակայն իրատեսական ու հասանելի։ Ուսման հանդեպ վերաբերմունքն է, որ ուզում եմ առաջնահերթ փոխել սովորողների մոտ։ Նրանք պետք է հասկանան, որ գիտելիքը մեծ ներուժ ու հնարավորություն է՝ լուծելու սեփական, տեղական և համահայկական խնդիրները։ Իմ սովորողներին ուզում եմ տալ այնպիսի հմտություններ և նորարար գիտելիքներ, որ իրենց արժանի տեղը գտնեն տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում։ Ակնկալում եմ նաև, որ նրանք կլինեն արժեքներով առաջնորդվող, հայրենասեր անհատականություններ», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ուսուցչի կարծիքով՝ Արցախում բազմաթիվ աշակերտներ զրկված են գերազանց կրթություն ստանալու հնարավորությունից, հատկապես՝ գյուղական համայնքներում:

Բնութագրությունը հասանալի չէ

««Դասավանդի′ր, Հայաստան»-ի աշակերտի առաջնորդության տեսլականը նպատակաուղղված է այս իրավիճակը փոխելուն։ Այն մեթոդաբանությունը, որը կիրառում են ծրագրի ուսուցիչ-առաջնորդները, հնարավորություն է տալիս աշակերտին բացորոշելու և զարգացնելու իր կարողությունները։ Վստահ եմ, որ Արցախի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի բացահայտման և ճիշտ ուղղորդման արդյունքում կարող ենք ունենալ կրթական համակարգի բարեփոխում ու վերակենդանացում» , - նշեց Ա. Սարգսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի համոզմամբ՝ մեզանից շատ բան է կախված, եթե ճիշտ վարվեն մեր երկրի բոլոր օղակները՝ սկսած ամենաբարձրից, մինչև հասարակ գյուղացին Վստահ է՝ Արցախի ապագան կլինի ապահով ձեռքերում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Այստեղ աշխատելը կարևոր նշանակություն ունի ինձ համար, որովհետև Արցախի գոյության համար մեր հայրերն ու եղբայրները իրենց կյանքն ընծայեցին ։ Հետևաբար՝ այս փոքրիկ օժանդակությամբ փորձում եմ այդ մեծ զոհաբերության արժեքն ու գնահատականը տալ։ Ես հույս ունեմ, որ ամեն բան կկարգավորվի, որովհետև հայ ժողովուրդը պատմության ընթացքում շատ ծանր ժամանակներ է տեսել և իրեն հատուկ իմաստությամբ կարողացել է հաղթահարել դրանք», - հավելեց Ա. Սարգսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: