ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախցիները պատրաստ են 4-5 կմ ճանապարհ գնալ-գալ, արցախցիների տրամադրությունն էլ շատ լավ է. Ստեփանակերտի քաղաքապետը՝ այլընտրանքային ճանապարհի մասին

Արցախցիները պատրաստ են 4-5 կմ ճանապարհ գնալ-գալ, արցախցիների տրամադրությունն էլ շատ լավ է. Ստեփանակերտի քաղաքապետը՝ այլընտրանքային ճանապարհի մասին

Ստեփանակերտում արդեն երկար ժամանակ է՝ էլեկտրականության, գազամատակարման եւ կապի հետ կապված խնդիրներ չկան։ Այս մասին այսօր Շուռնուխում լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ 

Քաղաքապետը նշեց, որ չի կարող նշել 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատված քաղաքացիների կոնկրետ թիվը, սակայն նրանք բավական շատ են։ Ըստ Սարգսյանի՝ Լաչինի՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհն անհարմարություն չի ստեղծում արցախցիների համար։ 

«Արցախցիները պատրաստ են անհարմարություններին։ 4-5 կմ ճանապարհ պատրաստ են գնալ-գալ։ Կառավարությունը զբաղվում է ճանապարհով, արցախցիների տրամադրությունն էլ շատ լավ է։ Պատերազմից հետո ամուր կանգնած են իրենց հողի վրա։ Շինարարներն աշխատում են, կարճ ժամանակում այն նորմալ ճանապարհ կլինի»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ Բերձորից եւ Աղավնոյից դուրս բերվելո՞ւ են էլեկտրականությունն ապահովող լարերը, քաղաքապետը պատասխանեց․ «Չեմ հետաքրքրվել, բայց բոլոր հարցերը կարգավորվում են»։

Լրագրողի հարցին, թե ինչու է հասարակությունն Արցախի շուրջ կայացվող որոշումների մասին տեղեկանում ընդունումից հետո կամ ադրբեջանական կողմից, Սարգսյանն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին․ «Ես քաղաքապետ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»։

  • Կիսվել: