երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Արցախցիները ՀՀ-ում հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով. փաստաբան

Արցախցիները ՀՀ-ում հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով. փաստաբան

Հայաստանի պատմության իններորդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ այդ տեղեկությունը ճիշտ չէ, ճիշտ չէ այնքանով, որքանով, որ իրականությունը ներկայացված չէ լրիվությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը:

Նա, մասնավորապես, ասել է. «Պատմության դասագրքում, չգիտեմ նկատել եք, թե ոչ, այդ նախադասությանը հաջորդում է հետևյալը. «Սկսվեց ռազմական ագրեսիա, ունեցանք որոշակի թվականակով զոհ, Արցախի նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր և Արցախը հայաթափվեց», այնուհետև, այդ նույն պատմության դասագրքի հեղինակը հարցադրում է բարձրացնում աշակերտների առջև՝ ինչպե՞ս հայաթափվեց Արցախը: Ըստ դասագրքի տրամաբանության, աշակերտը կարող է դրան տալ ընդամենը մեկ տրամաբանական պատասխան՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի հետևանքով»:

Փաստաբանի խոսքով՝ չի գտնվի գեթ մեկ արցախցի, ով կասի, որ Արցախից դուրս է եկել, քանի որ նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր։

«Օրինակ՝ ես, որպես արցախցի, հոկտեմբերի 1-ին եմ տեղափոխվել ՀՀ, նախագահի՝ այդպիսի բովանդակությամբ հրամանագրի մասին իրազեկվել եմ դուրս գալուց հետո։ Այսինքն՝ արցախցիները ՀՀ-ում հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, սպանդի շարժառիթի, սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի լուծարման վերաբերյալ հրամանագրով»,-նշել է նա՝ հավելելով, որ հրամանագրի ստորագրումը եղել է տեղեկատվական հնարք բնակչությանը փրկելու, նրանց անվտանգությունն ապահովելու համար:

«Մարդն անում է ամեն ինչ, որպեսզի 120,000 բնակչությանը փրկի, որևէ մեկը կա՞ այստեղ, որ կասի՝ ես նման հրամանագիր չէի ստորագրի կամ նման հայտարարություն չէի տա: Եթե հետ դառնանք այդ իրադարձություններին՝ վստահ եմ՝ նախագահը նույն կերպ է վարվելու, ես էլ լինեմ իր փոխարեն՝ ես էլ եմ նույն կերպ վարվելու»,-նշել է Երիցյանը:

  • Կիսվել: