Արցախցի Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը
Շուշիի Դ. Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Մհերը ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից է: Պատերազմից հետո գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Մհերի ընտանիքը բնակություն է հաստատել Ստեփանակերտում։ Նա հաճախում է Ստեփանակերտում վերաբացված՝ Շուշիի Դ. Ղազարյանի անվ. երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցը: Եվ հենց այստեղ պատմության ուսուցչուհի Զինա Գասյանն առաջին իսկ օրվանից նկատել է պատանու ունակություններն ու ուսման հանդեպ անհագ ձգտումը։ Առաջարկել է միասին անցնել բարդ ու հետաքրքիր մի ճանապարհ, որի հաջող վերջնարդյունքը լինելու էր հաղթանակն օլիմպիադայում։
Պատանին երազանք ունի՝ դառնալ միջազգային իրավունքի մասնագետ : «Մեր օրերում շատ են օրենքներ խախտվում, և ոչ միայն առանձին մարդկանց, այլև ամբողջ ժողովուրդների։ Դրա համար էլ որոշել եմ միջազգային իրավաբան դառնալ»,- ասում է Մհերն ու հավաստիացնում, որ նպատակին հասնելու համար ամեն օր աշխատում է: «Յուրաքանչյուր ոք իր գործը պիտի սիրի ու լավ անի, որ կարողանա հայրենիքին օգտակար լինել։ Հայրենասիրությունը գործով պետք է ապացուցել»,- ինչն էլ անում է Մհերը՝ առայժմ լավ սովորելով։