Արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր
ՀՀ Արմավիր քաղաքում կայացել է ձյուդոյի հանրապետական մրցաշար, որին մասնակցել է արցախցի 10 մարզիկ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը:
Նրա խոսքով՝ մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 300 մարզիկ: Մրցույթն անց է կացվել 2007-2008 և 2009-2010 թվականներին ծնված երեխաների շրջանում:
Խոսելով արդյունքների մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ արցախցի մարզիկներ Սերգեյ Դանիելյանը՝ 30 կգ քաշային կարգում, և Աշոտ Պարսիյանցը՝ 46 կգ քաշային կարգում, գրավել են առաջին տեղ և արժանացել ոսկե մեդալների, իսկ Արման Պարսիյանցը 30 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղ՝ ստանալով արծաթե մեդալ:

Մրցանակակիրները ստացել են նաև գավաթներ և պատվոգրեր:
Ի. Ազիզբեկյանն ասել է, որ չնայած շատ դժվար առաջնություն էր, քանի որ բոլորն էլ լավ էին պատրաստվել, սակայն արցախցի մարզիկները չեն զիջել իրենց ունեցած ներուժով: