կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախցի ևս 6 անօթևան ընտանիքի բնակարան է տրամադրվել

Արցախցի ևս 6 անօթևան ընտանիքի բնակարան է տրամադրվել

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից և պատերազմի հետևանքով այլ կերպ տուժած վեց ընտանիքի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 28 հասցեում գտնվող շենքից տրամադրվել են կացարաններ: Այդ մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:  
 
Վեց՝ երեք երկուսենյականոց և երեք՝ մեկսենյականոց բնակարանները սոցիալական ապահովության գերատեսչությունը տրամադրել է՝ առաջնորդվելով ծրագրի շահառու հանդիսացող և առավել խոցելի ենթախմբում գտնվող քաղաքացիների կացարանային հարցը լուծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այդ համատեքստում բնակարաններ են տրվել Շուշիից, Ավետարանոցից տեղահանված բազմանդամ (բազմազավակ և ծնողների հետ ապրող ընտանիք), բազմազավակ (8 երեխա ունեցող) ընտանիքների, ինչպես նաև պատերազմական գործողություններին մասնակցած և առայսօր անհայտ ճակատագիր ունեցող զինծառայողի ընտանիքի և հրետակոծության հետևանքով տունն ամբողջությամբ ավերված քաղաքացիների:
 
«Արցախի վերահսկողությունից դուրս մնացած քաղաքացիների կացարանային ապահովման խնդիրը շարունակում է մնալ Արցախի սոցիալական ապահովության գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերի օրակարգում. այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական և նպատակային են լինելու»,- քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում նշել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ Արթուր Մուսայելյանը:

  • Կիսվել: