երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կառավարությունը հեշտացնում է Արցախից տեղահանված ընտանիքների համար  պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հեշտացնում է Արցախից տեղահանված ընտանիքների համար պետական աջակցության ծրագիրը

ՀՀ կառավարությունը հեշտացնում է Լեռնային Ղարաբաղի շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, այսինքն` հիփոթեքային վարկավորման գործընթացը։ Նախագիծն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։
 
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի շահառուների թիվը, համաձայն Լեռնային Ղարաբաղի կառավարության ներկայացրած վերջին ցուցակի, 4045 ընտանիք է։ Նոյեմբերի 23-ի տվյալով` 2745 ընտանիք է հավաստագիր ստացել և սկսել հիփոթեքային վարկավորման գործընթացը։ Սակայն պարզվել է, որ ծրագրի սահմանափակումներն առաջացնում են արհեստական խոչընդոտներ հիփոթեքային վարկի ձևակերպման գործընթացում։
 
«Նախագծով առաջարկվում է շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի» պայմանից հանել այն դեպքերը, երբ խոսքը վերաբերվում է բռնագանձման արդյունքում սեփականության իրավունքով բանկերին ու վարկային կազմակերպություններին պատկանող անշարժ գույքերին։ Բացի այդ, հավաստագրի փոփոխության նպատակով, անհրաժեշտության դեպքում, ԼՂ ՏԿԵՆ–ից տեղեկատվության տրամադրման համար վերջնաժամկետը կերկարաձգվի մինչև դեկտեմբերի 15-ը»,–ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ պետաջակցության ծրագրով նախատեսված է երեք չափ՝ կախված նրանից, թե որտեղ նրանք կցանկանան բնակարան ձեռք բերել։ Այսպես` պետությունը 8 մլն դրամ է տրամադրում՝ մինչև 8 տոկոս տոկոսագումարի գծով, եթե Երևանում են ուզում բնակարան գնել։ Իսկ եթե ՀՀ մարզերում են ուզում, ապա պետությունը 10 մլն դրամ է տրամադրում՝ 10 տոկոս տոկոսագումարի գծով, իսկ եթե Արցախում են ուզում, ապա մայր գումարից մինչև 12 մլն դրամ կտրամադրվի ՝ 12 տոկոս տոկոսագումարի գծով։

  • Կիսվել: