«Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով վիրտուալ կամուրջ-հարթակը սկսել է իր գործունեությունը
«Արցախ-Սփյուռք գործակցություն» խորագրով վիրտուալ կամուրջ-հարթակը սկսել է իր գործունեությունը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով Ազատուհի Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ այս ձևաչափով կապ է հաստատվելու Սփյուռքի հայ համայնքի ներկայացուցիչների, համայնքային կառույցների, կրթական, մարզամշակութային, բարեգործական, երիտասարդական, քաղաքական և լրատվական հաստատությունների ներկայացուցիչների` պարզապես բոլորի հետ:
«Միասին քննարկելու ենք Արցախ-Սփյուռք գործակցության նոր ձևաչափը, երկխոսելու և համատեղ մշակելու ենք նոր ծրագրեր: Երկուստեք ծանոթանալու ենք համայնքներում տիրող իրավիճակին և այս հարթակի միջոցով Սփյուռքի մեր հայրենակիցներին տեղյակ ենք պահելու Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, սկիզբ առած ծրագրերին և բարեփոխումներին: Մեզ համար արժևորվում է յուրաքանչյուր հայի` Արցախում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին մասնակից և արցախյան իրականությանը հաղորդ լինելու հանգամանքը:
Ուրախությամբ նշեմ, որ արդեն իսկ կայացել է առաջին նմանատիպ հանդիպումը»,-մասնավորապես ասել է Ա. Սիմոնյանը:
Նա տեղեկացրել է, որ նախօրեին օնլայն հարթակում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնության հայ համայնքի ներայացուցիչների հետ. ներկա էին Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող համայնքային կառույցների ղեկավարները, հոգևոր հայրերը, կրթական հաստատությունների ներկայացուցիչները, համայնքային կյանքում ակտիվ անհատներ:
«Մենք բաց ենք համագործակցության ու գործընկերության նոր հորիզոններ նախանշելու, համահայկական լայն օրակարգի շուրջ քնարկումներ ծավալելու հարցով», - ընդգծել է Ա. Սիմոնյանը:
