կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO) աջակցությամբ և ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկում են «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։

Համաձայն ԱՀ Առողջապահության նախարարության և նախարարին կից մասնագիտական խորհրդի կատարած ուսումնասիրության՝ Արցախի բժշկական հաստատություններում այս պահին մոտ 70 բժիշկ-մասնագետների կարիք կա, որոնցից 20-ը՝ հրատապ։ Կադրերի խնդիրն առաջացել է հատկապես հետպատերազմյան շրջանում բժիշկների արտահոսքի հետևանքով։

«Բժիշկները Արցախի համար» ծրագրին դիմած առաջին խումբն ապրիլի 4-ին մեկնել է Մարտունու շրջան, որտեղ աշխատելու է առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 6 ամիս։ Գործուղման ավարտին նրանց փոխարինելու է հերթական բժիշկների խումբը։

«2011 թվականից սկսած՝ դր․ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ՝ AAHPO-ն ՀՕՖ-ի միջոցով սկսեց իրականացնել Արցախի բժիշկների վերապատրաստման ծրագիրը։ Պատերազմից հետո կատարած այցը ևս մեկ հնարավորություն էր հստակեցնելու առողջապահական համակարգում առկա կարիքները՝ մասնավորապես մասնագիտական ռեսուրսների առումով, և ուրվագծելու դրանք լուծելու հնարավորությունները մեր և գործընկեր կազմակերպությունների միջոցով։ Հարկ եմ համարում ընդգծել, որ մեր ծրագրի շրջանակը և արդեն իսկ հաստատված համագործակցությունը թույլ է տալու համակողմանիորեն մոտենալ այս խնդրին և ունենալ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ լուծումներ», - ասել է ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։

 

Արցախ մեկնած բժիշկների վարձատրությունն ու կեցությունը ապահովում է ԱՀ Առողջապահության նախարարությունը, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացնում է Հայ օգնության ֆոնդը՝ Ամերիկայի հայ բժիշկների միության և Րաֆֆի Հովհաննիսյան հիմնադրամի աջակցությամբ։

  • Կիսվել: